Լրահոս

03.05.2011 10:07


Անահիտ Բախշյան. «ՏԻՄ պաշտոնյաների մեծամասնության գործունեությունը նպաստում է արտագաղթին...»

2011 թվականի ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին ես` որպես ժյուրիի անդամ, մասնակցեցի  «Քաղաքացի նախագիծ հայաստանյան 3-րդ շնորհանդես»–ի հանրապետական փուլին: Այս նախագծի նպատակները կարեւոր ու ողջունելի են, քանի որ նպաստում են մեր երկրում քաղաքացիական հասարակության կայացմանը: Ծրագիրը լուծում է երեխաների մասնակցության խնդիրը համայնքային հասարակական կյանքին: Ծրագրին մասնակցած երեխաները մեծանում են ոչ որպես սպառողներ: Նրանք ինքնադրսեւորման հրաշալի դպրոց են անցնում ու դառնում իրենց համայնքի ու երկրի տերը, ծրագրի շնորհիվ կարեւորվորվում եւ լսելի են դառնում նրանց նախաձեռնությունները, որը շատ է օգնում, որպեսզի երեխաները հավատան ու վստահեն իրենց ուժերին: Հատկապես կարեւորելով մեր աշակերտների առաջադրած հիմնախնդիրներին ականջալուր լինելու տեղական ինքնակառավարման մարմինների կամքի տարբեր դրսեւորումները, անհրաժեշտ եմ համարում հասարակությանը տեղեկացնել, թե որքան բազմազան ու կարեւոր էին աշակերտների բարձրացրած հիմնախնդիրները:

Դրանք վերաբերում էին Հրազդան քաղաքի տարածքում երկաթի հանքերի շահագործման հետ կապված էկոլոգիական եւ բնակչության տեղահանման խնդիրներին, Դեբետ գետի աղտոտվածությանը, Ստեփանավան համայնքի աղքատության աստիճանին, գյուղական ճանապարհների անանցանելիությանը, աշակերտների անվտանգ երթեւեկությանը, համայնքներում աղբահանության, բնությունը խեղելու եւ չարաշահելու խնդիրներին, համայնքներում նախադպրոցական հիմնարկների բացակայությանը: Երեխաները հիմնախնդիրներն ընտրելիս հարցազրույցներ էին ունեցել տարբեր պաշտոնյաների հետ ոչ միայն նրանց կարծիքն իմանալու նպատակով, այլեւ աջակցություն ստանալու ակնկալիքով: Նրանք անկեղծորեն պատմում էին իրենց հետ հանդիպած պաշտոնյաների կողմից դրսեւորված թե՛ դրական, թե՛ բացասական վերաբերմունքի մասին:

Այս հրաշալի նախագիծը հնարավորություն է ընձեռում մեր աշակերտներին ոչ միայն մասնակցել համայնքի  հանրային կյանքին, այլեւ ձեռք բերել իրենց համար տեսանելի հանրային խնդիրները առաջադրելու ու լուծման ճանապարհները փնտրելու քաղաքացիական հմտություններ: Շնորհանդեսի ժամանակ հիմնախնդիրները ներկայացնելիս պարզվեց, որ  հարցազրույցներին մասնակցած պաշտոնյաների մեծամասնությունը լավագույն դեպքում լսել, բայց չի աջակցել նրանց, թեև աշակերտների կողմից բարձրացված որոշ հիմնախնդիրներ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արժանացել են որոշակի ուշադրության: Օրինակ` Երեւանի Ազատության պողոտայի վրա գտնվող թ. 128 դպրոցի հիմնախնդիրն է եղել աշակերտների անվտանգ երթեւեկությունն  ապահովող վերգետնյա անցման կառուցումը, որին արձագանքել է Երեւանի քաղաքապետարանը եւ գործն արդեն ընթացքի մեջ է, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի գյուղապետը որոշել է աջակցել գյուղում զբոսայգի հիմնելու երեխաների նախաձեռնությանը, երեխաները աջակցություն են ստացել նաեւ նույն մարզի Լեռնագոգ, Քարակերտ, Դալարիկ գյուղերի գյուղապետերի եւ Բյուրեղավանի քաղաքապետի կողմից:

Աքսիոմա է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն ու տարբեր պաշտոնյաները, այսօր ընդառաջելով աշակերտների նախաձեռնություններին, վաղը նպաստելու են, որպեսզի այդ երիտասարդներն ամուր կապվեն համայնքին, ամրանան այնտեղ, որովհետեւ նրանց հաջողվել է համայնքում ինչ-որ լավ բան անել, հետեւաբար իրենք իրենց համարելու են համայնքի անբաժանելի մասը  եւ չեն արտագաղթելու:

Շնորհակալություն «Քաղաքացի նախագիծ» հայաստանյան կառույցին ու բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր հավատում, ընդառաջում են մեր ապագա քաղաքացիներին, որով կանխում են  արտագաղթը:

Անահիտ Բախշյան

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր

Այս խորագրի վերջին նյութերը