Աշխարհ

27.11.2020 22:18


Իրանում սպանվել է միջուկային ծրագրի գլխավոր մասնագետը․ Զարիֆը վերջինիս սպանության մեջ մեղադրել է Իսրայելին

Իրանում սպանվել է միջուկային ծրագրի գլխավոր մասնագետը․ Զարիֆը վերջինիս սպանության մեջ մեղադրել է Իսրայելին

Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանը առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում, գրում է ria.ru-ն։

Fars գործակալության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Աբսարդ քաղաքի փողոցներից մեկում, որտեղ պայթյուն է որոտացել և կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Հոսեյն Դեհգան, հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավարի սպանությունն անպատասխան չի մնա։

«Մենք կայծակնային հարված կհասցնենք մարդասպաններին»,-հայտնել է նա։

Ավելի ուշ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել է, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։

«Այդ ստոր ակտը, որտեղ կան Իսրայելի դերի լուրջ վկայություններ, ցույց է տալիս պատերազմ հրահրելու համար հանցագործների հուսահատությունը»,-Twitter-ում գրել է Զարիֆը:

Նա կոչ է արել միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Եվրամիությանը, դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և դատապարտել «պետական ահաբեկչության գործողությունը»:

Ֆահրիզադեն Իրանի ամենահայտնի միջուկային գիտնականն է։ Արևմտյան աղբյուրները բազմիցս նշել են Իրանի միջուկային ծրագրում նրա կարևոր դերակատարումը՝ նրան անվանելով չափազանց հզոր և ազդեցիկ մարդ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը