Լրահոս

03.05.2011 10:17


Լիբիայի բանակը հրթիռներով ռմբակոծել է երկրի հյուսիս–արևմուտքում գտնվող Զինտան քաղաքը

Լիբիայի բանակը հրթիռներով ռմբակոծել է երկրի հյուսիս–արևմուտքում գտնվող Զինտան քաղաքը

«Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով ապստամբների ներկայացուցիչներին, հաղորդում է, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի զորքերը երկուշաբթի երեկոյան գնդակոծել են երկրի հյուսիս–արևմուտքում ապստամբների վերահսկողության տակ գտնվող Զինտան քաղաքը։ Քաղաքի վրա բաց է թողնվել ամենաքիչը տաս հրթիռ։

«Մեր ուժերը ռմբակոծվել են Զինտանից հյուսիս գտնվող Քադաֆիի զորքերի կողմից»,–հայտնել է ընդդիմության ներկայացուցիչը։

Մայրաքաղաք Տրիպոլիից 160 կմ հարավ–արևմուտք գտնվող Զինտան քաղաքը վերջին շաբաթների ընթացքում գտնվում է ռազմական գործողությունների կենտրոնում, որոնք իրականացնում են մի կողմից ապստամբներն ու նրանց աջակցող ՆԱՏՕ–ի հրամանատարությամբ կոալիցիոն ուժերը, մյուս կողմից Քադաֆիին հավատարիմ զորքերը։ Լիբիական բանակը պարբերաբար ռմբակոծման է ենթարկվում կոալիցիոն ուժերի ինքնաթիռների կողմից։

Լիբիայում անկարգություններն սկսվել են փետրվարի 15–ից, երբ բողոքողների ցույցերն աստիճանաբար վերածվեցին զինված հակամարտության կառավարական զորքերի ու ապստամբների միջև։ Ընդդիմությունը պահանջում է երկիրն ավելի քան 40 տարի ղեկավարող նախագահ Մուամար Քադաֆիի հրաժարականը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը մարտի 17–ին որոշում էր ընդունել Լիբիայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտու սահմանման և օտարերկրյա ռազմական ներխուժման հնարավորության  մասին։

Այս խորագրի վերջին նյութերը