Լրահոս

02.05.2011 14:14


ԵՀՄՖ–ը պահանջում է Եվրոպայի առաջավոր երկրներից կանխել արցախյան տարածաշրջանում միջադեպերի զարգացումը

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանը պատրաստել է դիմում-բողոք, որն ԵՀՄՖ-ի նախագահության անունից ուղարկվելու է Սլովակիայում հավատարմագրված և Բրատիսլավայում, Վիեննայում ու Պրագայում տեղավորված  աշխարհի բոլոր երկրների դեսպանատներին: Դիմում-բողոքը վերաբերվում է ադրբեջանա-արցախյան սահմանի վրա Ադրբեջանի կողմից դիպուկահարների անօրինական գործողություններին, որի հետևանքով պարբերաբար սպանվում են հայ զինվորներ: Հատկապես զայրացուցիչ է, որ դա կատարվում է հայ-ադրբեջանական երկկողմ կամ բազմակողմ դիվանագիտական հանդիպումներին հաջորդող ժամանակահատվածներում` ողջ աշխարհի աչքի առջև, անպատիժ կերպով: Օրերս ադրբեջանցի դիպուկահարների կողմից սպանվել են երեք և վիրավորվել մեկ հայ զինծառայողներ ճիշտ այն ժամանակ, երբ տարածաշրջանային այցով Հայաստանում էին գտնվում ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քայդանաուն և ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Այդ օրերին Արցախում է գտնվել նաև ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի միջնորդությամբ Հայաստան և Արցախ այցելած Սլովակիայի կառավարության ազգային փոքրամասնությունների գծով հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Պոլլակն ու  «Տիժդեն» շաբաթաթերթի հայտնի լրագրող և անվանի ֆոտոնկարիչ Անդրեյ Բանը, որոնք և ականատես են դարձել վերոհիշյալ միջադեպերին: Ադրբեջանի նախագահ Ալիևի վարած քաղաքականության արդյունքում մնում է անհասկանալի, թե ինչ նպատակով են տեղի  ունենում սահմանային միջադեպերը. տարածաշրջանի  «ստատուս քվոն» խախտելու, թե Ադրբեջանի ներքին քաղաքական լարված վիճակից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Ըստ ԵՀՄՖ-ի նախագահի` երկրորդ տարբերակն ավելի հավանական է թվում, եթե անդրադառնանք Ալիևի արդեն զառանցանքի տպավորություն թողնող, անընդհատ կրկնվող հայտարարություններին` Արցախի, Զանգեզուրի, Նախիջևանի և նույնիսկ Երևանի ադրբեջանական լինելու հարցի շուրջ: Մենք արդեն մի անգամ հայտարարել ենք, որ ծանոթ ենք Ադրբեջանի նախագահի ստացած կրթական մակարդակին /խորհրդային ղեկավարների երեխաները դիպլոմ ստանում էին առանց սովորելու ջանք թափելու և հաճախ կիսագրագետ մակարդակով խորհրդային բարձրագույն դպրոցն ավարտելով/, բայց չնայած դրան կարծում ենք, որ Ալիևն ինքն էլ չի հավատում իր ասած ծիծաղելի, պատմական փաստերին հակասող և հիվանդագին երևակայության արգասիք հանդիսացող այդ հայտարարություններին:

ԵՀՄՖ-ն, ելնելով Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ վարվող բանակցությունների արդյունքներից, արցախյան հարցի լուծումը` միայն և միայն խաղաղ ճանապարհով շարունակելու որոշումն իրականացնելու համար, պահանջում է Եվրոպայի առաջավոր երկրներից և միջազգային կազմակերպություններից կանխել արցախյան տարածաշրջանում միջադեպերի զարգացումը` կապված ադրբեջանցի դիպուկահարների գործունեության ծավալման հետ և կասեցնել խաղաղության մասին հայտարարություններ անող ու հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև պատերևազմ հրահրող Իլհամ Ալիևի գործունեությունը: Հակառակ դեպքում պայթունավտանգ այդ տարածաշրջանը կարող է վերահսկողությունից դուրս մնալ, իսկ դա հղի է ողջ Մեծ Մերձավոր Արևելքում իրավիճակի պայթման հնարավորությամբ:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը