Հարցազրույց

24.11.2020 11:00


Պարտված, երկրի մի մասը թշնամուն հանձնած, կապիտուլյացիա ստորագրածն ինչպե՞ս է պատկերացնում իր մնալը

Պարտված, երկրի մի մասը թշնամուն հանձնած, կապիտուլյացիա ստորագրածն ինչպե՞ս է պատկերացնում իր մնալը

Հրապարակը գրում է․ Նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը հարցին, թե ինչպես պետք է հանգուցալուծվի երկրում ստեղծված լարված իրադրությունը, ասաց․ «Առողջ տրամաբանությունն ասում է, որ այդքանից հետո ինքը թողներ-գնար, բայց քանի որ ինքը չի առաջնորդվում առողջ դատողությամբ, անհասկանալի է նրա մնալու ձգտումը․․․ մնալու ցանկություն ունեցողը պետք է հայտարարեր, որ 1 շաբաթ, 2-3 ամիս ինձ թողեք, այն, ինչ կորցրել եմ, հետ բերեմ, հակառակ դեպքում մնում է, որ ի՞նչ անի, ես չեմ հասկանում»։

-Բայց հնարավորություն ունի՞ ինչ-որ բան հետ բերելու։

-Իհարկե, չունի, դրա համար եմ ասում։ Անկախ ամեն ինչից, եթե չասենք, որ սա նախապես պլանավորված դավաճանություն էր, նա տապալել է ամեն ինչ, պարտվել է։ Այս պայմաններում նրա մնալու իմաստն անընկալելի է, չի հասկացվում, չի հասկացվում նաեւ, որ նրա կառավարության շուրջ ժողովուրդը համախմբվի, նա պարզապես չունի այդ վստահությունը։ Հիմա թե ինչու է մնում, ուրիշ ինչ ծրագրեր ունի իրականացնելու, ինձ համար անհայտ է, բայց ես ոչ մի լավ բան չեմ սպասում։ Ես այդ օրինակը շատ եմ ասել՝ Չերչիլի։ Անգամ համաշխարհային պատերազմում հաղթած առաջնորդ վարչապետին ժողովուրդն անմիջապես հաղթանակից հետո չվերընտրեց, հաշվեց, որ անհարկի կորուստներ է տվել, որ վնասներ են եղել, որոնք կարող էին չլինել, եւ չընտրեցին։ Բա պարտված, երկրի մի մասը թշնամուն հանձնած, կապիտուլյացիա ստորագրածն ինչպե՞ս է պատկերացնում իր մնալը, վաղը ինչ-որ մի հանրային միջոցառման ժամանակ նա ի՞նչ երեսով է դուրս գալու ժողովրդի առջեւ, նա այդ զոհերի ընտանիքի անդամներին ու հարազատներին ի՞նչ երեսով է նայելու, ես չեմ հասկանում։

-Վերջին օրերին ընդդիմության եւ ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց՝ պատճառաբանելով, որ ռազմական դրության ընթացքում արգելվում են հավաքները։ Արդարացվա՞ծ է ռազմական դրության պահպանումը, եւ որքանո՞վ էին ոստիկանության գործողություններն իրավաչափ։

-Եթե պատերազմն ավարտվել է, թեկուզ՝ պարտությամբ, ապա ի՞նչ ռազմական դրության մասին կարող է խոսք լինել։ Ռազմական դրություն հայտարարում են պատերազմից անմիջապես առաջ կամ պատերազմի ընթացքում, որպեսզի ռազմական դրության մեխանիզմները՝ սահմանափակումներ եւ այլն, օգտագործեն հաղթանակի հասնելու կամ առնվազն պարտություն թույլ չտալու համար, բայց մենք պարտվեցինք, հիմա ի՞նչ նպատակ է հետապնդում այդ ռազմական դրությունը։ Տակը միայն մի բան է մնում՝ ազատ խոսքի ճնշումը, ընդդիմության ճնշումը, դժգոհությունների եւ մյուսների։ Տակը մնում է միայն մի բան՝ վախեցնել, բայց այդ մեխանիզմը չի կարող աշխատել, որովհետեւ մարդը որ պիտի վախենա, նա իր առջեւ շատ ավելի մեծ վախ է տեսնում, երկիր, ժողովուրդ, հայրենիք կորցնելու վտանգ է իր առաջ տեսնում, հետեւաբար, այդ մանր-մունր այլ վախերից․․․ բռնեցին, տարան բաժին, գործ հարուցեցին արհեստական․․․ այդ վախերը էլ չեն կարող ազդեցություն ունենալ։ Եթե հայրենիքի կորստի վախը չլիներ, այդ մեխանիզմը կաշխատեր, բայց քանի որ այն կա, էլ այդ վախը չի աշխատի։ Դա նման է նրան, որ մի կողմից փրփուրը բերանին, կատաղած շունն է քո վրա հարձակվում, մյուս կողմից ահռելի առյուծն է հարձակվում։ Առյուծի հարձակման պայմաններում այդ փրփրոտ բերանով կատաղած շանը էլ շան տեղ չես դնում, վրա էլ կգնաս, մռութին էլ կտաս, որ քո ճանապարհով գնաս։ Իհարկե, ոստիկանության կողմից ուժի կիրառումն իրավաչափ չէ, իհարկե, դեմքերը ծածկած, չինական համազգեստով այդ վիճակներն էն չեն, այդ արհեստական հարուցումները, մոնտաժած ձայնագրություններով քրեական գործի հարուցումներն ու մեղադրանքները։ Դա անընդունելի երեւույթ է։ Աշոտ Երկաթի՞ն են ձերբակալում՝ հայրենիքի համար 3 պատերազմի մասնակից ու իր արու զավակներին մահվան դուռը տարած մարդո՞ւն են ձերբակալում։

-Ասում են, որ ուզում էր վարչապետին սպանել։

-Այն, որ դա մտացածին էր, շատ ակնհայտ էր, այսօր ոչ ոքի էլ Նիկոլի մահը պետք չէ, Նիկոլի դատավարությունն է պետք։ Չէ՞ որ Աշոտ Երկաթի նման տղերքի վրա է հիմնվում երկրի ապագան, անվտանգությունը, վտանգի դեպքում ոտքի կանգնելը։ Ինչպե՞ս կարելի է նման մարդու վրա ձեռք բարձրացնել․․․ ես ցավով եմ ասում, ոստիկանությունն իմ համակարգն է։

-Ի՞նչ պիտի անի ընդդիմությունը․ հանրահավաքներ է անում, բայց այդ հանրահավաքներին, ցավալիորեն, սպասելի թվով մարդ չի գալիս։

- Իրոք շատ ցավալի է, սրտի ցավով է նայվում, որ մարդկանց սպասելի թիվը չէ, որ ենթադրվում էր՝ պիտի հավաքվեին ու պահանջեին ե՛ւ վարչապետի, ե՛ւ իր ողջ թիմի հրաժարականը, դա ցավալի է, բայց փաստ է։ Տվյալ դեպքում ի՞նչ պիտի անեն․ 17 կուսակցություն կա, եթե կուսակցություն են, ապա, «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն, իրենք ունեն տեղական կառույցներ, մարզային կառույցներ, ժողովրդին գնան, տունառտուն բացատրեն, որ երկիր եք կորցնում։ Չեն անում։ Ես մի քանի օր առաջ հանրահավաքի ընթացքում լիդերներին այդ մասին էի ասում, իրենք էլ ասում են՝ նա արդեն վերջացած է, դե, եթե վերջացած է, մեկ է՝ բոլոր ռեպրեսիվ մեխանիզմներն օգտագործելով՝ պահում է իր իշխանությունը։ Թող գնան մարզերով, գյուղառգյուղ, տունառտուն՝ մարդկանց լուսավորեն, որն իրենք չեն անում։

-Իսկ եթե Փաշինյանը հրաժարական տա, այդ դեպքում ի՞նչ պիտի անի ընդդիմությունը։

-Պետք է անմիջապես անցումային կառավարություն ստեղծեն, ընդ որում՝ ուժեղ ձեռքով վարչապետի ղեկավարությամբ, որպեսզի փոքրիշատե այս խայտառակ հետեւանքների դեմն առնեն թե՛ այդ սպասվող բանակցություններին, գոնե այդ ընթացքում մի արժանապատիվ մոտեցում ունենան։ Հասկանալի է՝ այդ թուղթն ինչքան էլ մթության մեջ, գաղտնիությամբ, բոլորիս թիկունքում ստորագրված է, բայց արդեն դա արված է, էլ հետ չես կարող բերել, բայց գոնե դրա որոշ կետեր՝ ամենաստորացուցիչ, ամենակործանարար, գոնե 1-2 կետ, գոնե կես կետ կարելի է փոխել, եւ դրանից անմիջապես հետո պետք է արտահերթ ընտրություններ կազմակերպեն, բայց մինչեւ այդ ընտրությունները պիտի անպայման ցենզ մտցնեն, որ այս քաղաքական ուժին մոտիկ պետք է չթողնել։ Այդ կոնվենցիաների ջատագովներին՝ Լանզարոտեի, Ստամբուլյան, հայկական արժեքները ոտնահարող մարդկանց մոտիկ չպետք է թողնեն։ Ժամանակն է եկել, որ մի քիչ առողջ դատողությամբ մոտենան։

Այս խորագրի վերջին նյութերը