Լրահոս

02.05.2011 12:29


«Էկոլուր». «Ինքը` նախագահն է մտահոգ այդ խնդրով, իսկ ընկերությունն արդեն կառուցում է»

«Էկոլուր». «Ինքը` նախագահն է մտահոգ այդ խնդրով, իսկ ընկերությունն արդեն կառուցում է»

Ինչպես տեղեկացնում է «Էկոլուրը», Սոթք գյուղում անցկացված հանրային քննարկման մասնակիցները պահանջում են ապամոնտաժել այնտեղ հանքանյութը մանրացնող սարքը և Սևանա լճի ջրահավաք ավազանում անօրինական շինարարություն կատարելու համար պատժել «GeoProMinng Gold» ընկերությանը:

Գրավոր հայտարարությունն ուղարկվել է ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններ, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողով: Կրկնօրինակն ուղարկվել է «GeoProMinng Gold» ընկերությանը և Գեղարքունիքի մարզպետարան:

Սոթք գյուղի վարչական տարածքում մանրացնող-տեսակավորող սարքի տեղադրման վերաբերյալ քննարկումը տեղի էր ունեցել ապրիլի 19-ին Սոթք գյուղում՝ Սոթք, Ազատ, Կուտ, գյուղերի, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի «Օրհուս» կենտրոնի, «ԷկոԼուր», «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Թռչնասերների կենտրոն», «Տարածաշրջանային զարգացման և հետազոտությունների» ՀԿ-ների, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի, մի շարք ԶԼՄ–ների և «Էկոլուրի» ներկայացուցիչների մասնակցությամբ:

«GeoProMinng Gold» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոզլովն ընկերության մամլո քարտուղարի միջոցով մերժել է լսումներին մասնակցելու Գավառի «Օրհուս» կենտրոնի հրավերը՝ պատճառաբանելով, թե իրենց մոտ դեռ պատրաստ չեն փաստաթղթերը, իսկ երբ պատրաստ կլինեն,  նրանք իրենք հասարակական լսումներ կկազմակերպեն։

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Նշան Ստեփանյանն էլ նշել է, թե հենց ինքը` նախագահն է մտահոգ այդ խնդրով, իսկ ընկերությունն արդեն կառուցում է: Նրա խոսքերով՝ դա Սևանի վերջն է։

Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանն էլ հայտնել էր, թե ընկերության հետ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել, ու չնայած դրան՝ շինարարությունը սկսված է։

«Էկոլուրը» նաև հիշեցնում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2009թ. աշնանը հանդես էր եկել «Geopromining Gold» ընկերության արտադրությունը Սոթք տեղափոխելու նախագծի դեմ: Այդ մասին հրապարակավ հայտարարել էին ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը և ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը