Լրահոս

02.05.2011 11:28


«Էրդողանի պահվածքը ցինիկ էր և լկտի». Ն. Զոհրաբյանը հակադարձում է Թուրքիայի վարչապետին

«Էրդողանի պահվածքը ցինիկ էր և լկտի». Ն. Զոհրաբյանը հակադարձում է Թուրքիայի վարչապետին

Երեկ Իգդիրում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը հերթական անգամ կապել է ԼՂ–ի խնդրի հետ։

«Մինչև չլուծվի Ղարաբաղի հարցը, հնարավոր չէ բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները։ Մենք միշտ կանգնած ենք եղել Ղարաբաղի մեջքին, և միշտ այդպես կլինի։ ԵԽԽՎ–ում մենք արժանի պատասխան ենք տվել հայ և հայամետ պատգամավորներին, ովքեր մեզ հարցնում էին դրա մասին»,–հայտարարել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Էրդողանը 2011թ. ապրիլին Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարել էր.

«Եթե Մինսկի խումբը կատարի իր պարտականությունները, մենք կհասնենք խնդրի կարգավորմանը։ Իսկ իր պարտականությունը չիրականացնելու դեպքում լուծումը դժվարանում է։ Իմ երկրում 70 հազ. հայ քաղաքացի է ապրում։ Ապրում են նաև 40 հազ. հայեր, որոնք քաղաքացիներ չեն։ Մենք որ ուզենք, նրանց հետ կուղարկենք, սակայն պահում ենք, հետ չենք ուղարկում։ Նրանք մեր երկիր են եկել կարիքից ելնելով։ Ցանկանում եմ, որ դա էլ իմանաք։ Երբ մենք կազմում էինք արձանագրությունները, այստեղի խնդիրներին լուծում գտնելու համար այդ քայլն արեցինք։ Սակայն տեսնում եմ, որ Հայաստանի իշխանություններն ամաչում են Սփյուռքից։ Երբ այդ ամաչկոտությունը մի կողմ նետվի, խնդրի կարգավորումն ավելի հեշտ կլինի։ Այդ պարագայում սահմաններն էլ կբացվեն, խնդիրներն էլ ավելի արագ կլուծվեն»։

ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Էրդողանի նման պահվածքը ցինիկ և լկտի է համարում։ «7օր»–ի հետ զրույցում նա նախ հիշեցրել է, որ ԵԽԽՎ–ում Էրդողանին հարց տալու հնարավորությունից իրեն զրկել էին, և հայկական պատվիրակությունից Թուրքիայի վարչապետին միայն ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն է հարց հղելու հնարավորություն ստացել։ Նրա հարցին էլ, Ն. Զոհրաբյանի գնահատմամբ, Էդողանը բավականին ոչ կոռեկտ, իրողությունները խեղաթյուրող պատասխան է տվել։

Ընդհանրապես ցինիկ էր Էրդողանի պահվածքը ողջ լիագումար նիստի ընթացքում, ինչպես որ լկտի և ցինիկ էին նրա պատասխանները։ Պետք է ասեմ, որ շատ սխալ է Էրդողանի եզրահանգումը, թե ինքը արժանի հակահարված տվեց հայ պատվիրակի, տվյալ դեպքում՝ Արմեն Ռուստամյանի բարձարցրած հարցին և ֆրանիացի պատգամավորներին,–«7օր»–ի հետ զրույցում այսօր ասել է Ն. Զոհրաբյանը։

Ն. Զոհրաբյանն ընդգծել է նաև, որ Թուրքիայի վարչապետի՝ նման ցինիկ և լկտի պահվածքը շատ լուրջ վրդովմունք է առաջացրել և ԵԽԽՎ–ում ներկայացված Ֆրանսիայի պատգամավորներն անգամ շատ լրջորեն քննարկում են ԵԽԽՎ լիագումար նիստում Էրդողանի պահվածքը տարբեր ատյաններում բարձրացնելու, քննարկելու հարցը։

–Նա կրկին հայ–թուրքական հարաբերությունները ուղղակիորեն պայմանավորեց ԼՂ–ի խնդրով, և Էրդողանը խոր թյուրիմացության մեջ է, եթե գտում է, որ իր այդ պահվածքով, իր ցինիկ պատասխաններով, իրողությունները խեղաթյուրելու իր մտայնությամբ շահեկան դիրքում էր։ Ավելին, կարծում եմ՝ շատ լավ էր, որ միջազգային ողջ հանրությունը՝ ի դեմս 47 երկրներ ներկայացնող պատվիրակների, տեսավ, թե ինչպիսի՞ քաղաքական էլիտայի թիվ մեկ ներկայացուցչի հետ գործ ունենք։ Էրդողանի պահվածքն ամբողջացնում է Թուրքիայի ներկայիս ողջ պատկերը, ինչը մեկ անգամ ևս ի ցույց դրվեց ողջ միջազգային հանրությանը,–հավելել է Ն. Զոհրաբյանը

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը