Աշխարհ

21.11.2020 12:04


Այսօր Վրաստանում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Այսօր Վրաստանում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Ընտրությունների երկրորդ փուլն այսօր անցկացվում է Վրաստանի ամբողջ տարածքում՝ 17 միամանդատ ընտրատարածքներում: Տեղամասերը բացվել են ուղիղ 8:00-ին:

Քվեարկությունը տեղի է ունենում 1 914 ընտրատեղամասերում: Բացի այդ, ստեղծվել են ևս 80 հատուկ ընտրատեղամասեր՝ ստացիոնար բժշկական հաստատություններում գտնվող և մեկուսացված (կարանտին, ինքնամեկուսացում) մարդկանց համար: Ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 140 210:

Վրաստանի ԿԸՀ-ից հայտնում են, որ իրենք հոգացել են այն մասին, որ թույլ չտան քվեարկության ժամանակ վարակի տարածումը և նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկել: Ընտրողները ընտրատեղամասերում ներկայանում են դիմակներով: Ընտրական հանձնաժողովների անդամները, դիտորդները և լրատվամիջոցների ներկայացուցիչները ջերմաչափվում են՝ նախքան ընտրատեղամաս մտնելը: Դրա հետ մեկտեղ, նրանք պետք է կրեն ձեռնոցներ, դիմակներ և վահաններ:

Նոյեմբերի 21-ին ընտրությունները դիտարկելու համար գրանցվել են ընտրական սուբյեկտների 9,5 հազար ներկայացուցիչներ, 132 տեղական դիտորդական կազմակերպությունների 47,3 հազար դիտորդներ և 48 միջազգային կազմակերպությունների 920 դիտորդներ: Ընտրական գործընթացը լուսաբանելու համար հավատարմագրում են ստացել 118 լրատվամիջոցների մոտ 5,6 հազար լրագրողներ:

Երկրորդ փուլն առաջին փուլից տարբերվում է նրանով, որ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները չեն հետևում գործընթացին: Ի նշան բողոքի՝ ընդդիմությունը հետ է կանչել իր դիտորդներին և հանձնաժողովների անդամներին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի համար ծախսել է 8,6 միլիոն լարի (ավելի քան 2,6 միլիոն դոլար):

Իշխող «Վրացական երազանքը» միակ ընտրական սուբյեկտն է, որը մասնակցում է երկրորդ փուլին: Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հանել են իրենց թեկնածուներին:

Ընտրությունները կայացած են կհամարվեն ցանկացած ակտիվության դեպքում: Կհաղթի այն թեկնածուն, ով կստանա ձայների պարզ մեծամասնությունը:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը