Լրահոս

30.04.2011 12:52


ԼՂՀ պատգամավոր. «Եթե խնդիրը ռազմական լուծում ունի, ապա կարելի է ասել՝ այն արդեն լուծված է»

ԼՂՀ պատգամավոր. «Եթե խնդիրը ռազմական լուծում ունի, ապա կարելի է ասել՝ այն արդեն լուծված է»

Շփման գծում Ադրբեջանի ակտիվացումը ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերություների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը Ստեփանակերտի օդանավակայանի բացման հետ ուղղակիորեն չի կապում։ Նրա կարծիքով՝ դա շփման գծի այս կամ այն հատվածում լարված մթնոլորտը պահպանելու՝ պաշտոնապես իջեցված հրահանգ է։

Սա արդեն, կարող ենք ասել, ռազմաքաղաքական իրողություն է, որը, ես համոզված եմ, ոչ թե զորամասի հրամանատարության կամ ավելի ցածր մակարդակի որոշում է, այլ հստակ քաղաքական հրահանգ է՝ իջեցված անմիջապես այդ երկրի նախագահի կողմից,–ասել է Վ. Աթանեսյանը։

Ադրբեջանի ավելի լկտի ու ագրեսիվ պահվածքը, ըստ Վահրամ Աթանեսյանի, պայմանավորված է նրանով, որ այդ երկիրը չի ցանկանում ԼՂ խնդրի կարգավորմանը հասնել խաղաղ բանակցությունների միջոցով։

Այդ կերպ, կարծում եմ, Ադրբեջանը դիվանագիտական ճնշման ձև է ընտրել, որն ավելի շատ հասցեագրված է միջնորդ երկրներին և մարտահրավեր է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանն ու ամբողջ միջազգային հանրությանը, որը գտնում է, որ ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի։ Ադրբեջանը «այլընտրանքային» տարբերակ է առաջարկում միջազգային հանրությանը, բայց դա, ըստ էության, շատ կոպիտ դեմարշ է միջնորդության հասցեին,–ընդգծել է նա։

Այդուհանդերձ, Վ. Աթանեսյանի կարծիքով, բանակցությունները միշտ էլ նախընտրելի են շփման գծում ապակայունացումից, որովհետև բոլորն այն համոզմանն են, որ խնդիրը ռազմական լուծում չունի.

Եթե խնդիրը ռազմական լուծում ունի, ապա կարելի է ասել՝ այն արդեն լուծված է։ Մեկ անգամ արդեն տարածաշրջանի ժողովուրդներն այդ ջուրը մտել են, և հետևանքներն այսօր ակնհայտ են։ Ուժի միջոցով փորձ անել փոխել այս իրավիճակը՝ հղի է ավելի ծավալուն պատերազմի հեռանկարով, որը համոզված եմ՝ ոչինչ չի տալու ո՛չ ԼՂՀ–ին ու Հայաստանին, ո՛չ էլ Ադրբեջանին, հակառակը՝ իրավիճակն ավելի է խորանալու, այդ իսկ պատճառով այսօր բանակցությունների ճանապարհն ավելի նախընտրելի է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը