Լրահոս

30.04.2011 10:30


2010-ից մինչ այսօր դատարաններում քննարկվել են ՀՀ ՏՄՊՊՀ 38 որոշումների իրավաչափության հարցը

Տնտեսվարողները որպես կանոն բողոքարկում են ՀՀ ՏՄՊՊՀ կայացրած որոշումները, այդ իսկ պատճառով այսօր դատական ատյաններում  Հանձնաժողովի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով տասյնակ հայցեր կան:

Այսպես, 2010-ից մինչ այսօր դատարաններում քննարկվել են Հանձնաժողովի 38 որոշումների իրավաչափության հարցը: Տեղեկացնենք, որ նշված դեպքերից և ոչ մեկի մասով Հանձնաժողովը որևէ դատական գործ չի պարտվել: Թվով 14 գործի մասով կայացվել է վճիռ՝ հօգուտ Հանձնաժողովի, մնացած 24 դեպքերում դատական գործընթացը դեռևս շարունակվում է:

Այսպիսով, նշված ժամանակահատվածում դատական կարգով քննված բոլոր գործերի դեպքում Հանձնաժողովի կայացրած որոշումները մնացել են անփոփոխ, այսինքն, որևէ անգամ Հանձնաժողովի կայացված որոշումները դատական կարգով անվավեր չեն ճանաչվել:

Հարկ ենք համարում անդրադառնալ նաև մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, իբրև «Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան» նախորդ տարի բողոքարկել է Հանձնաժողովի որոշումը, և դատարանը վճիռ է կայացրել ընկերության օգտին: Նշենք, որ խոսքը վերաբերում է Հանձնաժողովի այն որոշմանը, ըստ որի ընկերության հանդեպ անբարեխիղճ մրցակցության գործողության (ընկերությունը շուկա էր հանել առանց մակնշման հավկիթներ), և Հանձնաժողովի որոշումը չկատարելու համար  կիրառվել էր 5 միլիոն դրամ տուգանք:  Տեղեկացնենք, որ ընկերությունն իսկապես բողոքարկել է Հանձնաժողովի որոշումը, սակայն այդ գործով դատարանը քննարկման առարկա է դարձրել տեխնիկական և ընթացակարգային բնույթի հարցեր, որոնցով ոչ մի կերպ չի հերքվում տնտեսվարող սուբյեկտի կողմից օրենսդրության խախտումների փաստը: Հանձնաժողովը սահմանված կարգով բողոքարկել է դատարանի վճիռը, ուստի տնտեսվարողի այն հայտարարությունները, որ Հանձնաժողովը դատարանում պարտվել է, անհիմն են, քանի որ դատական գործընթացը դեռևս շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը