Լրահոս

29.04.2011 11:44


ՀՀԿ–ական պատգամավոր. «...պատրաստ ենք նաև արտահերթ ընտրությունների հարցը քննարկել»

ՀՀԿ–ական պատգամավոր. «...պատրաստ ենք նաև արտահերթ ընտրությունների հարցը քննարկել»

ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը «7օր»–ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե 2008թ. փետրվարի 26–ին, երբ և՛ Լևոն Տեր–Պետրոսյանը, և՛ Սերժ Սարգսյանը միժամանակ հանրահավաք կազմակերպեցին, ՀՀ նախագահը  երկխոսության առաջարկ արեց ՀԱԿ առաջնորդին, սակայն Լևոն Տեր–Պետրոսյանը  մերժեց այդ առաջարկը, այժմ՝ երեք տարի անց, որի ընթացքում մարտի 1 տեղի ունեցավ, ՀԱԿ առաջնորդն ասում է, թե պատրաստ է համագործակցության, արդյոք հիմա ՀՀԿ–ն և Սերժ  Սարգսյանը ուզո՞ւմ են համագործակցել՝ ասել է.

–Եթե մենք ՀԱԿ հանրահավաքները կամ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթներն ավելի ուշադիր, ավելի մանրակրկիտ ուսումնասիրում ենք, ապա տեսնում ենք, որ այնտեղ կա ռացիոնալիզմի հատիկը, տեսնում ենք, որ նախկին կոչերը՝ իշխանությունն ամեն գնով պետք է վերցնել և այլն, մղումը դեպի հասարակական կարգի խախտում, սահմանադրական կարգի խախատում, այստեղ բացակայում է, և ավելի շատ կառուցողական դաշտի ելույթներ են։

Հ. Սահակյանը հիշեցրել է, որ ՀՀԿ–ն բազմիցս հայտարարել է, թե իրենց համար ընդունելի է ընդդիմադիր ուժի գործունեությունը, աշխատաոճը, եթե այն կառուցողական դաշտում է, այլ ոչ թե պրովոկացիաների է միտված.

–Այսօր մեր ընդդիմությունը վերջապես կարողացավ ընկալել և հասկանալ, որ երկրի զարգացման համար շատ ավելի կարևոր դերակատարում ունի ընդդիմադիր գործիչը, երբ որ ինքը կառուցողական դաշտում է, այլ ոչ թե պղտոր ջրի մեջ ձուկ բռնելով՝ որոշակի քննադատություններ է հնչեցնում կամ ավելի ռադիկալ պահված է ունենում։

Հարցին, թե ի՞նչ հարցի շուրջ կարող են երկխոսել ՀԱԿ–ն ու իշխանությունը, ՀՀԿ–ական պատգամավորը պատասխանել է.

–Ցանկացած հարց, որը հուզում է մեր ժողովրդին, ծառացած է մեր երկրի առաջ, ոչ միայն ՀԱԿ–ի, այլև ցանկացած ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժի հետ մենք պատրաստ ենք նստել, երկխոսել, քննարկել և այդ իրադրության ամենարդյունավետ լուծումը գտնել և իրականացնել։

«Եթե ասում եք՝ ցանկացած հարց, նշանակում է, որ արտահերթ ընտրությունների մասին է՞լ կարող եք երկխոսել»։

–Եթե երկիրը լինի այն իրավիճակում, որ միայն արտահերթ ընտրությունները կարող են երկիրն այդ ճգնաժամից հանել, ապա պատրաստ ենք նաև այդ հարցը քննարկել։ Բայց պետք է ասեմ, որ այսօր, հատկապես երբ ԱԺ ընտրություններին մնացել է մեկ տարի, չեմ կարծում, որ ճգնաժամային այն իրավիճակն է, որ մենք պետք է գնանք արտահերթ ընտրությունների, առավել ևս՝ նախագահական,–պատասխանել է Հ. Սահակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը