ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ եւ միջազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի եզրակացության հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ՀՈՒՆԱՍՏԱՆ 2011թ. Մելինա Մերկուրի հեղինակավոր մրցանակը կիսելու են Հայաստանի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը եւ Պաղեստինի տարածքում գտնվող Բաթիր վայրը: Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու մայիսի 24-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում` Փարիզում:
ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան Մելինա Մերկուրի միջազգային մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ այն անհատին կամ կազմակերպություններին, որոնք նշանավոր ավանդ ունեն մշակութային լանդշաֆտի պահպանման եւ կառավարման բնագավառում:
Մրցանակի հայտը համատեղ պատրաստվել եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էր փոխանցվել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից:
Գառնիի տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակակիր