Լրահոս

28.04.2011 13:01


Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է անհարգելի բացակայած պատգամավորների աշխատավարձից պահումներ կատարել

Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է անհարգելի բացակայած պատգամավորների աշխատավարձից պահումներ կատարել

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Facebook»–ի իր էջում այսօր գրել է.

«Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով հաճախ է արծարծվում Ազգային ժողովի նիստերից որոշ պատգամավորների բացակայության հարցը, ինչի կապակցությամբ լրագրողները ինձ ևս դիմում են: Նշեմ, որ բազմիցս, թե՛ Ազգային ժողովի լիագումար նիստերի և թե՛ բազմաբնույթ խորհրդակցությունների ընթացքում բարձրաձայնել եմ Ազգային ժողովի լիագումար նիստերից և Ազգային ժողովի քվեարկություններից պատգամավորների բացակայությունների հարցը:

Կարծում եմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող խորհրդարանը պրոֆեսիոնալ է` յուրաքանչյուր պատգամավոր պետք է գիտակցի, որ ժողովրդի կողմից ընտրվել է օրենսդիր աշխատանք իրականացնելու համար և վերջինս հանդիսանում է նրա հիմնական աշխատանքը: Իհարկե, չեմ բացառում, որ բացակայությունները ունենան հարգելի պատճառ և այս առումով պատգամավորների բացակայությունները, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող են ճանաչվել հարգելի:

Ինչ վերաբերում է անհարգելի բացակայություններին, ապա, ինչ խոսք, խիստ բացասական եմ գնահատում դրանք և ուզում եմ նշել, որ արդեն իսկ հանձնարարել եմ, որպեսզի այն պատգամավորների աշխատավարձից, որոնք անհարգելի բացակայել են, յուրաքանչյուր օրվա համար կատարվեն պահումներ:

Չմոռանանք, որ խորհրդարանը պրոֆեսիոնալ դարձել է 1999 թվականից և նմանատիպ խնդիրները բնականոն բնույթ կրում են ոչ միայն Հայաստանի այլ նաև տարբեր երկրների խորհրդարանների համար: Սակայն, անշուշտ, վերջին հաշվով պատգամավորի գործունեության վերջնական գնահատականը տալիս է ընտրողը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը