Աշխարհ

09.11.2020 18:13


Էրդողանի փեսայի հրաժարականից հետո թուրքական լիրան փոքր-ինչ բարելավել է դիրքերը

Էրդողանի փեսայի հրաժարականից հետո թուրքական լիրան փոքր-ինչ բարելավել է դիրքերը

Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Ստեղծված վիճակի պատճառով Թուրքիայում տևական ժամանակ տարբեր շրջանակներ, որպես գլխավոր պատասխանատուի, պահանջում էին Էրդողանի փեսայի հրաժարականը: Նախօրեին Թուրքիայի ֆինանսների ու գանձապետարանի նախարար Բերաթ Ալբայրաքը պաշտոնական ինսթագրամյան հաշվից հայտարարություն տարածեց իր հրաժարականի մասին:

Ալբայրաքի հրաժարականի լուրից անմիջապես հետո թուրքական մամուլում և սոցցանցերում սկսեցին գրել թուրքական արտարժույթի շուկայում լիրայի փոքր-ինչ արժևորման միտումների մասին։

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադառնալով թեմային գրել է, որ Թուրքիան խորը ճգնաժամի մեջ է և չնայած դրան տնտեսության հարցերով պատասխանատու նախարարը նույնիսկ չի կարողանում պատշաճ հրաժարական տալ։

Փայլանը նկատի ունենալով ավելի վաղ Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահի և ապա Ալբայրաքի պաշտոնանկությունը, գրել է․ «Ներպալատական խարդավանքները քար են գցում մեր 83 մլն քաղաքացու ապագայի վրա»։

Նշենք, որ նախորդ շաբաթ Թուրքիայի արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի անկման վերջին հակառեկորդը կազմել էր 8․52: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել էր 10․19 թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է՝ կազմելով 11.19:

Սակայն այս շաբաթ չնչին փոփոխությամբ թուրքական արտարժույթի շուկայում գործարքները սկսել են կատարվել 1 ԱՄՆ դոլար/8․35 լիրա և 1 եվրո/ 9․9332 փոխարժեքով։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը