Լրահոս

28.04.2011 11:42


«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆիլմերի ընտրանին կցուցադրվի Նիդերլանդներում

Մայիսի 6-15-ը Նիդերլանդներում Filmhuis Den Haag-ը “The Best of Golden Apricot International Film Festival” խորագրի ներքո կներկայացնի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 2008-2010 ֆիլմերի ընտրանին: Ֆիլմերի ցուցադրություններին, հաջորդող քննարկումներին ու զուգահեռ նախատեսվող միջոցառումներին ներկա կլինեն հայ և արտասահմանցի բազմաթիվ ռեժիսորներ, պրոդյուսերներ և տարբեր փառատոնների ներկայացուցիչներ: Կցուցադրվեն Հարություն Խաչատրյանի “Սահման”, Արման Երիցյանի և Իննա Սահակյանի “Հայաստանի վերջին լարախաղացը”, Սուրեն Բաբայանի “Մի նայիր հայելուն”, Դիանա Կարդումյանի “Աշնան արև” ֆիլմերը: Ինչպես նաև վերջին երկու տարիներին “Ոսկե ծիրան” կինոփառատոնի մասնակից Սիդդիք Բարմաքի “Ափիոնի պատերազմ”, Գեորգ Օվաշվիլիի “Մյուս ափին”, Անդրեյ Խրժանովսկու “Մեկ և կես սենյակ, կամ սենտիմենտալ ճանապարհորդություն հայրենիք”, Լևան Կոգուաշվիլիի “Փողոցային օրեր”, Ռեհա Էրդեմի “Կոսմոս”, Սերգեյ Լոզնիցայի “Իմ ուրախություն” ֆիլմերը: Մայիսի 8-ին նախատեսվում է քննարկում “Ռեժիսորներ առանց սահմանների” ծրագրի շրջանակներում, որին ներգրավված կլինեն փառատոնի բոլոր հյուրերը: Նախատեսվում է  քննարկում տարածաշրջանում համագործակցության, Հայաստանում կինոյի վիճակի մասին: Նույն ժամանակահատվածում այնտեղ տեղի կունենա նաև լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի “Ուրախ օր…” խորագրով ցուցահանդեսը: Այն ներկայացնում է զարգացող հասարակության և՛ տառապանքը, և՛ ուրախությունը: Հայաստանից ցուցադրություններին ներկա կլինեն “Ոսկե ծիրան” կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, կինոռեժիսորներ Սուրեն Բաբայանն ու Արման Երիցյանը:

Այս խորագրի վերջին նյութերը