Աշխարհ

06.11.2020 12:53


«Որ հայերին աշխարհի երեսից չջնջեն»․ զրույց հիմնադրամին 1 մլն նվիրած 102-ամյա հայուհու հետ

«Որ հայերին աշխարհի երեսից չջնջեն»․ զրույց հիմնադրամին 1 մլն նվիրած 102-ամյա հայուհու հետ

Քնարիկ Մարկոսյանը, որն ամերիկյան Ֆրեզնո քաղաքի 102-ամյա բնակչուհի է, մեկ միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ CBS մեդիահոլդինգին պատկանող KGPE տեղական հեռուստաալիքը տարեց կնոջ նվիրաբերության մասին ռեպորտաժ է պատրաստել։

Ամերիկյան լրագրողները ներկայացնում են, որ Ֆրեզնոյում ապրող տասնյակ հազար մարդիկ հետաքրքրվում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող պատերազմով ու փորձում են օգնել։ Հայուհիներից մեկն աչքի է ընկել հայրենիքին ցուցաբերած իր օգնությամբ։

Քնարիկ տատը դիմավորել է լրագրողներին հաշմանդամի սայլակում, սև գլխաշորով։ Նա ցույց է տվել KGPE-ի նկարահանող խմբին իր ընտանիքի սևուսպիտակ լուսանկարներն ու պատմել, որ իր ծնողներն ու ավագ եղբայրը մազապուրծ են եղել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից։ Սկզբում ընտանիքը պատմական հայրենիքից Ռուսաստան է փախել։ Քնարիկը մոտ 1918 թվականին է ծնվել, ավելի ուշ՝ 40-ականներին, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ՝ Ֆրեզնո քաղաք։

«Հայրս նախկին երկրից (Մարկոսյանի ուղիղ մեջբերում է,-խմբ․) ուներ բազում ընկերներ, որոնք Ֆրեզնո էին տեղափոխվել ու գոհ էին այստեղի կյանքից, այդ պատճառով էլ տեղափոխվեցինք»,-ասել է կինը։

Այսօր Մարկոսյանը միայնակ է ապրում։ Հարազատներից ոչ ոք ողջ չէ։ Նա այսպես է բացատրել հիմնադրամին արած նվիրաբերությունը.

«Չեմ ուզում, որ հայերը ջնջվեն աշխարհի երեսից։ Ամեն ինչ գնում է նրան, որ թուրքերը պատրաստվում են սպանել բոլորիս։ Ամերիկան չի օգնում Հայաստանին, դա շատ շատ վատ է»։

Նշենք՝ «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ-ի ղեկավար Մարիա Մեհրանյանն անձամբ շնորհակալություն է հայտնել տատին ու նամակ ուղղել նրան՝ խոստանալով, որ գումարն ուղղելու է Հայաստանի ու Արցախի կարիքներին։



Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը