Հարցազրույց

27.04.2011 17:30


Ռուբեն Թորոսյան

Ռուբեն Թորոսյան

Հարցազրույց «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանի հետ

-Ըստ Ձեզ՝ ապրիլի 28–ի ՀԱԿ հանրահավաքի ժամանակ իշխանության ու հասարակության միջև Լևոն Տեր–Պետրոսյանի մատնանշած վերջնական ջրբաժանը կլինի՞։

Դե, էլ ո՞նց լինի։ Համարյա բոլոր պահանջները կատարեցին։

–Բայց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասում է, թե իրենց երկո՛ւ պահանջն են կատարել։ Մեկը՝ քաղբանտարկյալների ազատարձակման վերաբերյալ, մնացել է։

–Այդ երկուսը 2/3–րդն է։ Դա նշանակում է՝ մեծ մասը կատարել են։ Իմ կարծիքով՝ ջրբաժան չի լինի։ Եթե այդքանը կատարել են, էլ ի՞նչ։ Ամսի 28–ին կգովան, որ կատարել են, կհայտարարեն, որ իշխանություններն արդեն տեղի են տալիս, երևի պետք է Սերժ Սարգսյանի վախը բռնեն.… (ծիծաղում է–Ա. Մ.)։ Իմ հասկանալով՝ ոչինչ էլ չի լինելու, ջրբաժանն ավարտվեց։ Իշխանություններն ամեն ինչ արեցին, էլ ի՞նչ պետք է անեն։

–Շատերն ասում են, թե Լևոն Տեր–Պետրոսյան–իշխանություն այս երկխոսության պատմությունները, պահանջներ դնելը, կատարել–չկատարելը և այլն, ընդամենը տարերային բեմականացում են։ Կիսո՞ւմ եք այս կարծիքը։

–Կարող է՝ հեռակա ինչ–որ բան է տեղի ունենում, և թվում է, թե բեմականացում է։ Բայց ես չեմ կարծում, անգամ բացառում եմ։ Բացառում եմ՝ ուղղակի ճանաչելով Լևոն Տեր–Պետրոսյանին։ Ես իրեն ավելի սկզբունքային եմ պատկերացնում՝ անկախ՝ իր բովանդակությունը դրակա՞ն գնահատելով, թե՞ բացասական։ Կարծում եմ, որ այսօր Հայաստանում մեր ժամանակների ամենասկզբունքային գործիչն է։

–Եթե սկզբունքայնության մասին ենք խոսում, ապա պետք է նշենք նաև, որ ի սկզբանե Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարում էր՝ մաքրենք ավգյան ախոռները, կազմաքանդենք վարչակագը և այլն։ Բայց հիմա նույն Լևոն Տեր–Պետրոսյանն արդեն բազմիցս երկխոսություն է առաջարկում իշխանություններին, նույնիսկ առաջարկում է, որ Սերժ Սարգսյանը դառնա Եղիազար Այնթապցի, իրենք էլ դառնան միաբաններ։ Դա՞ է սկզբունքայնությունը։

–Ես համաձայն եմ այն բանի հետ, ինչ ասում եք, եթե այդպե՛ս եք հասկանում սկզբունքայնությունը։ Ես մի անգամ էլ եմ ասել, որ  ռազմավարական սխալներ թույլ են տրվել։ Այսօր «արտահերթ ընտրություններ» բառը միայն օգտագործելով՝ լեգիտիմացվում է ու հենց այդ արտահայտությամբ Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից վաղուց է լեգիտիմացվել Սերժ Սարգսյանը։ Դա պետք է ուղղակի նոր ընտրություններ կոչվեին, ու մինչև հիմա էլ շարունակվեր, այսինքն՝ ցույց տրվեր, որ ապօրինի է ընտրվել Սերժ Սարգսյանը։ Ես, օրինակ, այդպես եմ շարունակում իմ գործունեությունը ու կարծում եմ, որ դա՛ է ճիշտ։ Ո՛չ մի արտահերթ ընտրություններ։ Բայց ես գտնում եմ, որ Լևոն Տեր–Պետրոսյանը երբեևիցե որևէ մեկի ոտքերը չի ընկնի, ոնց որ 90թ. իրեն շրջապատող գործիչները։ Ա՛յդ առումով ես կարծում եմ, որ ինքը սկզբունքային է։

–Իսկ ո՞ր առումով սկզբունքային չէ։

–Ես չէի ասի, թե դա է ոչ սկզբունքայնությունը, դա կարող է՝ անկարողություն է սկսած գործը այն ճանապարհով տանել։ Կարծես ինքը սկզբից լրիվ չէր գնահատել իրավիճակը, այն սուբյեկտներին, որոնց դեմ ինքը դուրս էր եկել, որոնք իրենք նախկին գործընկերներն են եղել։ Նա կարծես չափից ավելի վերցրեց իր վրա, բայց հետո ինքը համոզվեց, որ չի կարող։ Գուցե այստեղ արտաքին գործոնները հաշվի չառավ։ Այսինքն՝ դրա տակ իրոք տեղի ունեցավ այն, որը որ ձեր կողմից անսկզբունքայնություն է գնահատվում, բայց իմ կողմից չկարողություն է գնահատվում՝ սկսած գործն այդ ճանապարհով տանելու։ Որովհետև ինձ համար ամենակարևորն այն է, որ ապօրինի էին ընտրությունները, ժողովուրդը ոտքի կանգնեց, Կոնգրեսը ստեղծվեց հենց դրա շուրջը, այդ թվում և ես՝ ապօրինի ընտրությունների դեմ պայքարի, բայց հետո կարծես շեղվեց այդ ուղղությունից։ Գուցե այն հարվածների պատճառով, որ ստացավ, առաջին հերթին քաղբանտարկյալների առկայությունը նրան շեղեց այդ ուղղությունից։ Գուցե պատասխանատվությունն էր նրանց ընտանիքների հանդեպ։ Բայց ես գտնում եմ, որ Լևոն Տեր–Պետրոսյանը սկսած գործը պետք է տաներ, ուղիղ գծով պետք է գնար՝ անկախ նրանից, թե ինչ հարվածներ կստանար։ Իրոք՝ շեղվեց։ Բայց ես դա չեմ գնահատում անսկզբունքայնություն։ Նա այն քաղաքական գործիչն է, որ ես չեմ պատկերացնում, որ նա որևէ մեկի մոտ գնա քծնի և այլն։

–Հիմա, ըստ Ձեզ, ՀԱԿ–ը գնում է արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրությունների։

–Այդ արտահերթ ընտրությունների իրավական հիմքը ես չեմ տեսնում։ Ի՞նչ պետք է անի նա, ո՞վ պետք է ցրի ԱԺ–ն։ Պետք է մի հիմք ընտրի, բայց արտահերթ ընտրության սահմանադրական որևէ պահանջ, հիմք ես ինքս չեմ կարողանում ընտրել։ Դա կարող էր անել այն ընդդիմությունը, որը ինչ–որ չափով կարող էր տեռորի ենթարկել խորհրդարանին, չգնար, անգործության մատներ։ Այդ ժամանակ այդ հիմքերը կստեղծվեին։ Բայց հիմա ես այդ հիմքերը չեմ տեսնում։ Ես դեմ եմ ընդհանրապես արտահերթ բառին։ Կարող եմ ասել, որ սկզբունքայնության պակաս եղավ, որ գործը մինչև վերջ չտարավ, և հիմա, ցավոք, այդ նոր ընտրություններն ընդհանրապես կորան մեջտեղից։ Եվ սա լուրջ, կոպիտ սխալ էր։

–Իսկ հերթական ընտրությունների ժամանակ Դուք ՀԱԿ–ի ցուցակով կմասնակցե՞ք այդ ընտրություններին։

–(Ծիծաղում է–Ա.Մ) Ես չգիտեմ։ Ես ո՞նց կարող եմ այդ հարցին հիմա պատասխանել։

–Բայց չե՛ք էլ բացառում։

–Ես ՀԱԿ–ի անդամ եմ, ես ո՞նց կարող եմ ասել՝ բացառում եմ։

–Մինչև հիմա համոզվել ենք, որ ՀԱԿ–ում Լևոն Տեր–Պետրոսյանն է միանձնյա որոշումներ կայացնողը...

–Դա թաքցնելու բան չէ։ ՀԱԿ–ի քաղխորհրդի նիստերին ես բավական տևական ժամանակ չեմ մասնակցում, բայց թե ո՞վ է որոշումներ կայացնում, այնքա՜ն անթաքույց է։ Գոյություն ունի ՀԱԿ–ի ինչ–որ կենտրոնական գրասենյակ, որն էլ կայացնում է որոշումները։

–Այսինքն, կարելի է ենթադրել, որ հերթական ընտրությունների ցուցակը հենց այդ մարմինը, նույնն է թե՝ Լևոն Տեր–Պետրոսյանն է կազմելու։

–Կարող է։ Ինչպես որ՝ ավագանին։ Ավագանին էլ նման ձևով եղավ։ Չնայած այն ժամանակ քաղխորհուրդը որոշեց, որ հնարավորություն տան, որ հենց կենտրոնական գրասենյակը՝ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, որոշի այդ ցուցակը։

–Հետևաբար՝ ի՞նչ սկզբունքով կկազմվեն այդ ցուցակները։ Արդյոք առաջին 20–յակում ՀԱԿ–ի անդամ կուսակցությունների առաջնորդնե՞րը կլինեն։

–Չեմ կարծում։ Ավագանին այդպես չեղավ։

–Փաստորեն, Լևոն Տեր–Պետրոսյանը Ձեզ կարող է չընդգրկել այդ ցուցակում։

–Ի՞նձ։ Իրեն հարցրեք, ես ի՞նչ ասեմ։ Իմ կարծիքով՝ գոնե ձևականորեն քաղխորհրդում կդրվի այդ հարցը։ Ո՞նց կարող է չդրվի։ Բայց դեռևս նման հարց չի քննարկվել։

–Պարո՛ն Թորոսյան, խնդրում եմ անկեղծ պատասխանեք։ Ձեզ ՀԱԿ–ում ի՞նչն է հիմա պահում։ Չէ՞ որ ինքներդ եք ասում, որ Լևոն Տեր–Պետրոսյանը շեղվել է ի սկզբանե բռնած իր ճանապարհից։

–Իր բռնած ճանապարհն իր ճաշակով է։ Ինքը գնում է նրան, ինչին որ մենք էլ ենք ուզում։ Այսինքն՝ ուզում ենք, որ երկրում օրինականություն լինի։ Բայց ինքը գնում է այն ճանապարհով, որը ես կգնայի մի քիչ ա՛յլ ճանապարհով։ Այսինքն, ես սկզբունքորեն կշարունակեի ապօրինի ընտրությունների հարցը, անկախ նրանից՝ ինչքան քաղբանտարկյալների, այդ թվում՝ օրինակ ինձ էլ, նետեին բանտերը։ Այսինքն՝ ես չեմ կարող ասել, որ ինքը շեղվել է. նպատակից չի շեղվել, բայց ճանապարհի, տակտիկականի իմաստով է շեղվել։

–Բայց, փաստորեն, Ձեր կարծիքով նրա բռնած ճանապարհը չի հասցնի այդ նպատակին։

–Ես ի՞նչ գիտեմ, կարող է և հասցնի։ Հիմա ի՞նչ տեղի ունեցավ։ Հիմա իշխանությունները զիջեցին։ Մեկին թվում է՝ ըստ պայմանավորվածության, բայց հնարավոր է, որ ոչ թե պայմանավորվածություններ, այլ ուղղակի տեղի տվեցին, վախեցան, չգիտեմ ինչ եղավ։ Ուրեմն, վերջին հաշվով ընդդիմության այդ ճնշմանը տեղի տվեցին։ Գուցե հիմա մի քիչ էլ ճնշումն ավելանա, ժողովրդի թիվը շատանա...

–Այդ ճնշումը միշտ էլ եղել է, նախկինում էլ ժողովրդի թիվը ակնհայտորեն շատ ավելի մեծ է եղել, բայց իշխանությունները տեղի չեն տվել։

–Համաձայն եմ։ Մանավանդ, ես կարծում եմ, որ այստեղ Սերժ Սարգսյանը կարող է շատ խորամանկ մոտեցումներ ցույց տալ։ Այսինքն, կոպիտ ասած՝ կարող է և կուտ էլ տա ընդդիմությանը, ու դրանից ոգևորված՝ մտածեն, որ տեղի է տվել և այլն։ Իմ կարծիքով՝ նա ուղղակի խորամանկ քայլերի է գնում, իր համար հիմա ապահովում է ապագա ընտրությունները, որ հանգիստ ձևով՝ առանց գլխացավանքի, որ դրսում ասեն՝ տեսեք՝ ինչ լավն է, ընդդիմությունը հարց բարձրացրեց, զիջեց, և ինքն ապահովում է իր առաջընթացը։ Ես այդպես եմ մտածում։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը