Լրահոս

27.04.2011 16:25


Կընդունվի ոստիկանության սպառազինության և հատուկ միջոցների ցանկը

Կընդունվի ոստիկանության սպառազինության և հատուկ միջոցների ցանկը

Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և  ներքին գործերի մշտական հանձնաժողովը  կազմակերպել է խորհրդարանական լսումներ «ՀՀ Ոստիկանության բարեփոխումների ընթացքը» թեմայով:

Հիշեցնենք, որ ոստիկանության բարեփոխումների  ծրագիրը նախաձեռնվել է մեկ տարի առաջ,  այն բաղկացած է 11 հիմնական ուղղությունից, 67 ակնկալվող արդյունքից և 200-ից ավելի միջոցառում է ընդգրկում:

–Մեր նպատակն է, որպեսզի համատեղ աշխատանքով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ հասնենք այն արդյունքին, որ հասարակության մեջ ոստիկանության հանդեպ վստահությունն ամրապնդվի, որպեսզի ոստիկանությունը գործի պարզ, թափանցիկ, լինի մեր քաղաքացիների կողքին,–լսումների ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և  ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը։

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշել է, թե ոստիկանության բարեփոխումների ծրագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Այն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին և արժանացել է համապատասխան հավանության։

Նա ընդգծել է, որ 2010թ. մայիսից իրականացված աշխատանքները կարելի է գնահատել բավարար, եթե ոչ` լավ։

Ա. Օսիկյանը հայտարարել է, թե առաջիկայում ընդունվելու է ոստիկանության սպառազինության ցանկը, որը բաց է լինելու հասարակության համար: Բացի այդ, ընդունվելու է նաև հատուկ միջոցների ցանկը, որոնք ոստիկանության սպառազինության մեջ կներառվեն առողջապահության նախարարի եզրակացության հիման վրա, երբ պարզվի, որ դրանք վնասակար չեն մարդկանց առողջության համար: Ոստիկաններին նաև կսովորեցնեն քաղաքացիներին համոզելու, նրանց հետ բանակցելու մեթոդներ ու հմտություններ:

Ինչ վերաբերում է ճանապարհատրանսպորտային ոստիկանության լուծարման մասին լուրերին, Ա. Օսիկյանը հերքել է դրանք՝ նշելով, որ որոշ դեպքերում պարեկապահակային և ճանապարհային ոստիկանությունները օպտիմալացման ճանապարհով միավորելու ու մեկ ծառայություն ստանալու խնդիր է առաջանում։ Հետևաբար, պետք է կիրառվի այդ փորձը, որն արդյունավետ լինելու դեպքում իրենք կմտածեն այդ երկու ստորաբաժանումների որոշ գործառույթներ միավորելու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը