Լրահոս

26.04.2011 17:58


Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իրանում

Իրանի երեք հայոց թեմերում տեղի ունեցան Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:

Հատկապես լայնածավալ միջոցառումներ են տեղի ունեցել Թեհրանում եւ Նոր Ջուղայում /Սպահանում/, իսկ Թավրիզում, հիմնականում տեղի են ունեցել եկեղեցական բնույթի միջոցառումներ:

Նոր Ջուղայի Սբ. Ստեփանոս եկեղեցում տեղի է ունեցել հսկումի արարողություն, իսկ հետո մեկնարկել է ավանդական ցույցը՝ մոմերով երթը: Ներկաները շարժվել են դեպի Սբ. Ամենափրկիչ վանք, որտեղ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ տեղի է ունեցել բողոքի համահավաք, մոմավառություն եւ ծաղիկների մատուցում:

Բողոքի համահավաքի ընթացքում ելույթներ են ունեցել՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգեն եպս. Չարյանը, Սպահանի հայոց Թեմական խորհրդի ատենապետ Նոել Մինասյանը եւ Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցի ոգեկոչման Նոր Ջուղայի հանձնախմբի ներկայացուցիչը:

Բողոքի համահավաքին հաջորդել է «Ռուբեն» երիտասարդական միության նախաձեռնությամբ կազմակերպված բաց զրուցարանը, որի ընթացքում համայնքի երիտասարդները sms քվեարկություններով եւ ելույթներով իրենց տեսակետներն ու առաջարկներն են հայտնել   Հայոց Ցեղասպանության հետեւանքով առաջացած կորուստների եւ Ցեղասպանության փաստն ուրանալու Թուրքիայի պատճառաբանությունների մասին:

Ապրիլի 24-ին երեկոյան թեհրանահայերը հավաքվել էին Սբ. Սարգիս եկեղեցում՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության մեկուկես միլիոն նահատակների հիշատակը, որի ընթացքում տեղի ունեցավ հոգեհանգիստ, ծաղիկների մատուցում Նահատակների հուշարձանի մոտ, եւ երիտասարդական համահավաք:

Ծրագիրը սկսվեց հոգեհանգստյան արարողությամբ, որը նախագահում էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը. այն կատարվեց եկեղեցու բակում գտնվող Նահատակների հուշարձանի մոտ: Հոգեհանգստյան արարողությանը մասնակցում էր Ս. Սարգիս եկեղեցու երգչախումբը:

Մեծ Եղեռնի Նահատակների հոգիների խաղաղության համար հուշարձանի մոտ կատարվող կրոնական արարողությունից եւ խնկարկումից հետո ներկաներին իր խոսքն ուղղեց թեմակալ առաջնորդը:

Սրբազան Հոր ելույթից հետո սկսվեց ծաղիկների մատուցման արարողությունը:      Ծաղկեմատույցից հետո տեղի ունեցավ երիտասարդական համահավաք:

Այս խորագրի վերջին նյութերը