Արցախի Հանրապետության ոախագահ Բակո Սահակյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր համայն հայությունը աշխարհի տարբեր ծայրերում ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Մենք գլուխ ենք խոնարհում նրանց հիշատակի առջեւ` հոգու խորքում պահելով պարտքի զգացումն ու հաստատակամությունը` անել հնարավոր ամեն բան այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության միջազգային ճանաչման ուղղությամբ: Աշխարհը պետք է անպայմանորեն ճանաչի եւ դատապարտի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` հետագայում մարդկության դեմ ուղղված նման բռնությունները կանխարգելելու համար:
Մեր հատուկ երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն պետություններին, որոնք կանգնեցին Օսմանյան կայսրության կողմից ծրագրված ու իրականացված դաժան կոտորածներից հրաշքով փրկված հայերի կողքին, բոլոր նրանց, ովքեր այսօր էլ մեզ հետ են եւ պաշտպանում են հանուն պատմական արդարության վերականգնման մեր պայքարը:
Այս տարի Մեծ եղեռնի օրը զուգադիպել է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի հետ: Սա խոր իմաստ է պարունակում իր մեջ: Հույսը, հավատքը եւ հայրենիքին նվիրվածությունը այն արժեքներն են, որոնք օգնել են մեզ հարատեւել ամենածանր իսկ պայմաններում:
Մենք` հայերս, պարտավոր ենք միշտ հիշել 1915-ի ողբերգության դասերը եւ թույլ չտալ, որպեսզի այն նորից կրկնվի: Մենք պետք է լինենք ուժեղ ու հզոր, միասնական ու համերաշխ եւ ծառայենք մեկ նպատակի` հայ ժողովրդի եւ հայոց պետականության զորացմանն ու բարգավաճմանը:
Արցախի Հանրապետության ոախագահ Բակո Սահակյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ