Հարցազրույց

21.10.2020 13:17


Բանտ նստեցնելով նախկին նախագահի կամ խմբակցության ղեկավարի՝ այդպե՞ս են պատերազմում․ Զատուլին

Բանտ նստեցնելով նախկին նախագահի կամ խմբակցության ղեկավարի՝ այդպե՞ս են պատերազմում․ Զատուլին

Հարցազրույց ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ

-Պարոն Զատուլին, այսօր (երեկ) պետք է կայանար Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը` հրադադարի հարցով, սակայն առ այս պահը (ժամը 17-ի դրությամբ) պաշտոնական որեւէ հաստատում չկա։ Տեղյա՞կ եք՝ ինչո՞ւ, Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է բանակցել։

-Ես չգիտեմ, երեւի թե ինձ կհավատաք, եթե ասեմ, որ ինձ հետ ո՛չ Ալիեւը, ո՛չ Փաշինյանն այս կապակցությամբ չեն խորհրդակցել։ Եվ ինձ համար բարդ է ասել, թե տվյալ պահին որն է խնդիրը։ Կարծում եմ՝ ընդհանուր խնդիրն այն է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ զինադադարով, այլ՝ պատերազմը շարունակելով։ Իսկ եթե այդպես է, էլ ի՞նչ բանակցություններ, դա մոլորեցնելու համար է։

-Այսինքն՝ կարծում եք, որ հրադադարն ադրբեջանական կողմն է խախտում։ Եվ այդ դեպքում, եթե լինի նոր պայմանավորվածություն, ու Ադրբեջանը կրկին խախտի այն, ո՞րը կլինի ՌԴ-ի արձագանքը։

-Հրադադարի խախտումներն օգնում են ենթադրություններ անել, թե ում կողմից են՝ Ադրբեջանի։ Բայց սա հաստատելու համար պետք է փաստաթղթավորված լինի։ Կամ՝ ինչպես հիմա են ասում՝ այս տեղեկատվությունը պետք է վերիֆիկացված լինի։ Եվ սա էլ դիտորդների ու հակամարտության գոտում խաղաղապահների հեռանկարի մասին է։ Բայց, ինչպես գիտեք, հենց սկզբից Ադրբեջանը խուսափում էր դիտորդական առաքելությունից եւ խոչընդոտներ էր հարուցում Միջազգային կարմիր խաչի առաքելության համար։ Մասնավորապես, որպեսզի կատարվեին այդ հրադադարի պայմանները։ Ես կարծում եմ՝ Ռուսաստանը սրանից պետք է եզրահանգումներ անի, հուսով եմ՝ կանի։ Եվ, իմ կարծիքով, Հայաստանում եւս պետք է եզրահանգումներ անեն։ Արդեն վաղուց ժամանակն է այդ եզրահանգումներն անելու։

-Նկատի ունեք, որ Հայաստանը չի՞ դիմում ՀԱՊԿ-ին։

-Ես նկատի ունեմ ոչ թե դիմելը, այլ ձեր երկրի ներքին իրավիճակը։ Պարզապես Հայաստանում գործող իշխանությունը, 2 տարվա ընթացքում զբաղված լինելով իր հակառակորդների դեմ պայքարով եւ այստեղ հասնելով ինչ-ինչ «հաջողությունների», քաղում է այս ամենի պտուղները, այդ թվում՝ նաեւ Ղարաբաղում։ Ժամանակը չէ՞, որ Հայաստանում հանգեն ինչ-որ մի կառավարության անհրաժեշտության, որը կմիավորեր երկիրը, ոչ թե այն կբաժաներ։ Ես Ծառուկյանի մեծ երկրպագուն չեմ, բայց պատերազմից 2 օր առաջ կալանավորեց նրան ու շարունակում է նույն ոգով։

-Ասում եք՝ ՌԴ-ն էլ պետք է եզրահանգումներ անի, Հայաստանն էլ։ Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանը դեմ է ռուս խաղաղապահների ներկայությանը։

-Ռուսական խաղաղապահներ, թե ոչ՝ բանը դրան նույնիսկ չի էլ հասել։ Սկզբում խոսքը միջազգային խաղաղապահների մասին չէր, այլ՝ դիտորդների, որոնք պետք է հետեւեին, որպեսզի կրակը մարեր։ Ադրբեջանը հրապարակավ հայտարարում է, իսկ այդ հարցում նրան պաշտպանում է Թուրքիան, որ սա բոլոր պարագաներում ժամանակավոր հրադադար է, որ իրենք պայքարելու են մինչեւ հաղթական ելք։ Սա է, որ պետք է գնահատվի բոլորի, ոչ միայն Ռուսաստանի կողմից։

-Իսրայելցի քաղաքագետ Կեդմինը Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում հայտարարեց, որ Ռուսաստանը խոսում է, իսկ Էրդողանը՝ գործում։ Համամի՞տ եք այս գնահատականի հետ։

-Լսեք՝ քաղաքականության մեջ խոսելը եւ քայլեր անելը շատ հաճախ հավասարազոր են։ Եթե Ռուսաստանը չխոսեր, իրավիճակը շատ ավելի ծանր կլիներ Հայաստանի համար։ Եթե Ռուսաստանը նախագահ Պուտինի շուրթերով չնախազգուշացներ, որ Հայաստանի նկատմամբ ունենք պարտավորություններ, երեւի թե մինչեւ հիմա հայկական զորքը կգտնվեր Նախիջեւանի հետ սահմանի վրա։ Իսկ հիմա ունեք հնարավորություն՝ վերախմբավորում անելու վտանգավոր ուղղություններով։ Գիտեք իմ դիրքորոշումը, ինձ անվանում են հայամետ եւ այլն, բայց ես ուզում եմ Ձեզ բաց տեքստով ասել՝ մենք հոգնել ենք լսելուց, թե ինչ պետք է անի Ռուսաստանը։ Դուք ինքներդ ինչ-որ մի բան արեք։ Իսկ Հայաստանն ի՞նչ պետք է անի։

-Մենք ՀԱՊԿ անդամ ենք, այդ անվտանգային համակարգի մաս ենք, իսկ ռուսաստանցի քաղաքագետներն ասում են՝ մոռացեք ՀԱՊԿ-ի մասին։

-Լսեք, եթե Հայաստանը համարում է, որ իր՝ որպես ՀԱՊԿ անդամի շահերը ոտնահարված են, դիմեք ՀԱՊԿ-ին։ Իսկ Հայաստանն ի՞նչ պետք է անի, ինչո՞ւ չի դիմում ՀԱՊԿ-ին։

-Ունե՞ք այս հարցի պատասխանը, ես չունեմ։

-Ինչու․ որովհետեւ Հայաստանի կառավարությունը մտածում է, որ ՌԴ-ին օգնության հարցով դիմելով՝ սա անել այնպես, որ, Աստված մի արասցե, չնեղացնի Արեւմուտքի ընկերներին։ Դուք պետք է հասկանաք, թե ում վրա կարող եք հենվել։ Այս հարցով պետք է որոշում ընդունեք։ Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա մենք փորձում ենք գլուխ հանել այս իրավիճակից, որը նորմալ չէ։ Երկիրը քաղաքական իմաստով բաժան-բաժան է։ Իսկ վարչապետը ձեւացնում է, թե հետայսու էլ պատրաստվում է այսպես շարունակել երկրի կառավարումը՝ բանտ նստեցնելով նախկին նախագահի կամ խմբակցության ղեկավարի։ Այդպե՞ս են պատերազմում։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը