Լրահոս

23.04.2011 09:39


Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները հեռացվել են աշխատանքից

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները հեռացվել են աշխատանքից

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ։ Այցերի նպատակը նախադպրոցական ուսումնական հաստատություններում  սննդի անվտանգության, սննդակարգի, սանիտարահիգիենիկ պայմանների, երեխաների հաճախելիության, ինչպես նաև ուսումնադաստիարակչական աշխատանքների որակն  ուսումնասիրելն է։ Ապրիլի 11-ին Նուբարաշեն վարչական շրջանի թ.125 մանկապարտեզում ստուգայցի ժամանակ հայտնաբերվել են սննդի անվտանգության նորմերի, սննդակարգի և ճաշացանկի կոպիտ խախտումներ։ Հիմք ընդունելով արձանագրված կոպիտ խախտումները՝ վարչական շրջանի ղեկավարի հրամանով թ.125 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Շահբաթյանը հեռացվել է աշխատանքից։ Ապրիլի 18-ին անակնկալ այցելություն է կատարվել Երևանի հ.152 նախադպրոցական ուսումնական հաստատություն։ Պարզվել է, որ տվյալ օրվա համար տնօրենը ներկայացրել է 107 երեխայի հաճախում, մինչդեռ այցելության պահին մանկապարտեզում ներկա է եղել  72 երեխա: Տնօրենը, փաստորեն, 35 երեխայի ավել թիվ է ներկայացրել։ Բացի այդ, «Ճկուն համակարգով երեխայի հաճախման մատյանը» դրված չի եղել գործածության մեջ։  Երեխաների բացակայությունը որևէ փաստաթղթով չի հիմնավորվել։ Ապրիլի 14-ին և 15-ին մանկապարտեզի միջին խմբում երեխաների հաճախման մատյանում երեխաների հաշվառում չի կատարվել։ Հիմք ընդունելով արձանագրված խախտումները` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի հրամանով հ.152 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Իրինա Աղաբեկյանը  հեռացվել է աշխատանքից։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը