Լրահոս

22.04.2011 16:31


Երևանում երթուղուց կհանվի 1200 միկրոավտոբուս

Երևանում երթուղուց կհանվի 1200 միկրոավտոբուս

Ապրիլի 22–ին Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի հիմնախնդիրներն ու իրականացվելիք ծրագրերը։ Նա չի հերքել, որ Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտում այսօր լուրջ խնդիրներ կան, որոնք վերացնելու համար առաջին հերթին կկրճատվեն միկորավտոբուսները։

Նրա  տեղեկացմամբ՝ այս տարի նախատեսվում է երթուղուց հանել 1200 միկրոավտոբուս՝ շահագործվող միկրոավտոբուսների թիվը հասցնելով շուրջ 1500-ի՝ այսօրվա 2651-ի փոխարեն։ Երևան կներկրվի չինական շուրջ 80 ավտոբուս շահագործման հանձնելը նախատեսվում է արդեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։

Նախատեսվում է նաև միջին և մեծ տեղատարողությամբ ավտոբուսների թիվը հասցնել 800-850-ի։ «Գծի տերերի» համար քաղաքապետարանն անգամ սահմանել է ներկրվելիք ավտոբուսների երկարությունն ու լայնությունը՝ ավտոբուսները պետք է առնվազն 50-60 տեղ ունենան, 7 մ 40 սմ-ից մինչև 10 մ երկարություն և 2 մ 40 սմ լայնություն։

Հիշեցնենք, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ արդեն երկու շաբաթ է, ինչ ընթանում է տրանսպորտի մոնիտորինգ, որի շրջանակում քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, ինչպես նաև համայնքային ենթակայության բոլոր ձեռնարկություններին, անկախ պաշտոնից առաջարկվել է առնվազն մեկ օր երթևեկել հասարակական տրանսպորտով և իրենց դիտարկումները ներկայացնել խնդիրների հետ կապված, իսկ տրանսպորտային կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցները`պարտադիր մեկ շաբաթ: Առաջարկվել է նաև ապրիլի 26-ին թողնել ծառայողական և անձնական ավտոմեքենաներն ու օգտվել բացառապես հասարակական տրանսպորտից:

Ներկայացնելով իրականացված մոնիթորինգի արդյունքները՝ Հենրիկ Նավասարդյանն ասել է, որ կդադարեցվի թիվ 112 (անհրաժեշտությունը չկա) և 53 (տեխնիկական վատ վիճակի պատճառով)։

Որոշ երթուղիներում էլ չի բավարարել տրանսպորտային միջոցների քանակը՝ մասնավորապես թիվ 14, 16, 32, 43 ավտոբուսային երթուղիների և թիվ 53, 69, 93, 110, 102, 109, 118 միկրոավտոբուսային երթուղիների։

Թիվ 7, 18, 22, 88 երթուղիներում, բնակիչներից ստացված բողոքներից պարզվել է, որ երթուղային տաքսիների սպասարկումը կատարվել է երկար ինտերվալներով։ Երթուղիներն սպասարկող ընկերությունները նախազգուշացվել են։ Անդրադառնալով քաղաքապետի առաջարկին, նա նշել է, որ վարչական շրջանների ոչ միայն ղեկավարները, այլև ամբողջ անձնակազմը և քաղաքապետարանի աշխատակազմի գրեթե 50 %–ը աշխատանքի է գալիս հասարակական տրանսպորտով։ Ավելին, ինքն անձամբ շատ հաճախ երթևեկում է հասարակական տրանսպորտով և ոչ թե խուսափում է իր աշխատանքից, այլ նույնիսկ հաճույք է զգում։ Նա նաև տեղեկացրել է, որ իրենց վերահսկողության արդյունքում այսօր վարորդներն արդեն սափրված են ներկայանում ուղևորներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը