Աշխարհ

15.10.2020 14:05


Ահաբեկիչների համարակալված դիերը` սառնարան-բեռնատարում. The Washington Post–ի անդրադարձը

Ահաբեկիչների համարակալված դիերը` սառնարան-բեռնատարում. The Washington Post–ի անդրադարձը

The Washington Post–ն այսօր հրապարակած ծավալուն հոդվածում անդրադարձել է թուրք-ադրբեջանական կողմում կռվող ահաբեկիչների թեմային։

Ամերիկյան պարբերականը կոնկրետ փաստ է հրապարակել այն մասին, որ Թուրքիայի ու Սիրիայի սահմանին գտնվող մաքսակետում ԼՂ-ում սպանված 52 ահաբեկիչների դիակներ են հանձնվել նրանց հարազատներին։

«Ընտանիքները հավաքվել էին սառնարանային բեռնատարի շուրջ սիրիա-թուրքական սահմանային կետի մոտ ու սպասում էին, թե երբ վարորդները կբաժանեն իրենց սարսափելի բեռը` տնից շուրջ 600 մղոն հեռու ընթացող պատերազմում զոհված 52 սիրիացի դիակները»,-գրում է The Washington Post–ը:

Պարբերականը, վկայակոչելով զոհերի հարազատների մեկնաբանությունները, նշում է, որ մահացածները վարձկաններ էին, որոնք Սիրիայի տարածքում հավաքագրվել էին Թուրքիայի կողմից` Ադրբեջանի ԶՈւ-ի կազմում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար։

Հոդվածագիրը զրուցել է սիրիացի 38-ամյա մարտիկ Մահմուդ Նաջարի զարմիկի հետ, որը հայտնել է, որ Մահմուդի մարմինը սառնարանային բեռնախցիկում նշված է եղել «12» համարով։

Նա նաև պատմել է, որ նրան թուրքական աջակցությունը վայելող գրոհայինները հավաքագրել են ամսական 2000 ԱՄՆ դոլար աշխատավարձ խոստանալով։

«Փողը միակ պատճառն է,-ասել է զոհված ահաբեկչի զարմիկը,-Ո՞վ էր ուզում գնալ Ադրբեջան: Ո՞վ գիտեր նույնիսկ Ադրբեջանի տեղը»:

Նա նաև պատմել է, որ Թուրքիայից Ադրբեջան տեղափոխվելու առաջին օրը նրանց բաց կանաչ զինվորական համազգեստ են հագցրել ու հաջորդ օրն ուղարկել ռազմաճակատ:

«Սիրիացի վարձկանները հիմնականում մենակ էին անծանոթ վայրում, շրջապատված էին իրենց համար անհասկանալի լեզուներով, պատմությամբ և խնդիրներով: Նրանց ուղեկցում էին երեք ադրբեջանցիներ»,-պատմել է թերթի զրուցակիցը։

Խոսելով հորեղբոր մահվան հանգամանքների մասին` նա նշել է, որ 9 ժամ շարունակ նրանք փորձել են ինչ–որ լեռնային բարձունք գրավել։ Բայց տեղ հասնելուն պես սպանվել են դիպուկահարի գնդակից ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ, որտեղ ընկել են։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը