Լրահոս

22.04.2011 12:56


Էդվարդ Շարմազանով. «Մենք սա ընդունում ենք որպես նախագահի արած երկխոսության կոչի ընդունում»

Էդվարդ Շարմազանով. «Մենք սա ընդունում ենք որպես նախագահի արած երկխոսության կոչի ընդունում»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, թե մարտի 1–ի դեպքերի բացահայտման հարցում ակնկալում է նոր թափ և ընդգծված ակտիվացում, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նկատել է, որ մարտի 1–ի 10 զոհերի բացահայտման պատասխանատվության վերաբերյալ պաշտոնական հավաստիացման ՀԱԿ–ի այս մի պահանջը կատարված է։

Փոխարենը, «7օր»–ի հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ, իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը պնդել է, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունը Լևոն Տեր–Պետրոսյանի պահանջների հետ ոչ մի կապ չունի։

Է. Շարմազանովն ընդգծել է, որ ընդհանրապես բոլոր ցավալի դեպքերի քննությունը մշտապես եղել են ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում։

–Դրա համար էլ պատահական չէ, որ նախագահն ասաց՝ մարտի 1-ի գործի լուծումն անձնապես իր համար շատ կարևոր է։ Դա որևէ կապ չունի Տեր–Պետրոսյանի պահանջների հետ։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ այն, որ Տեր–Պետրոսյանն ընդունում է՝ քինգ-բոքսինգ չպետք է խաղալ, այսինքն՝ նկատի ունեն շախմատի խաղաղ տարբերակով երկխոսելը, մենք սա ընդունում ենք որպես նախագահի արած երկխոսության կոչի ընդունում։ Նախագահը 3 տարի է՝ ասում է, որ պետք է քաղաքական պայքարը բացառապես քաղաքակիրթ և երկխոսությունների ճանապարհով լինի։ Հիմա իրենք եթե հասկացել են, որ իշխանության հետ սխալ է և պետք չէ ուժի դիրքերից խոսել, շատ նորմալ է։ Ես կարծում եմ, որ հասկացել են՝ ուժի դիրքերից պետք չէ խոսել իշխանության հետ,–ասել է Է. Շարմազամովը։

Իսկ թե ինչպե՞ս ստացվեց, որ հատկապես ապրիլի 8–ին Լևոն Տեր–Պետրոսյանի մատնանշած երեք պահանջներից հետո Սերժ Սարգսյանը խոսեց մարտի 1–ի դեպքերի մասին, ՀՀԿ մամուլի խոսնակն ասել է.

–Մինչև այդ էլ իշխանության ուշադրության կենտրոնում է եղել այդ հարցը։ Եվ հետո՝ Տեր–Պետրոսյանը երեք տարի պահանջ է ներկայացրել. մինչև այդ էլ եղել է 15–25 կամ 35 պահանջ։ Եթե այս տրամաբանությանը նայենք, ապա իշխանությունն ինչ անի, Տեր–Պետրոսյանը պետք է կանգնի, ասի՝ ե՞ս եմ պահանջել։ Չնայած դա էլ է բնական, որովհետև ընդդիմադության գործը քննադատելն է. եթե արև է, ասի՝ ե՛ս եմ, եթե անձրև է գալիս, ասի՝ իշխանությո՛ւնն է մեղավոր։ Եթե այդ տրամաբանությանը նայենք, իշխանությունը պետք է ձեռքերը ծալած նստի, ասի՝ ո՛չ մի բան չեմ անի, որովհետև եթե մի դրական, ժողովրդավարական քայլ կատարեմ, Տեր–Պետրոսյանը պետք է ասի՝ ի՛մ պահանջն է։ Եթե ինքը վստահ է, որ դա իր պահանջն է, ինքը սխալվում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը