Աշխարհ

14.10.2020 16:59


Վարձկանները կես տարվա պայմանագիր են կնքել Ղարաբաղյան հակամարտությանը մասնակցելու համար

Վարձկանները կես տարվա պայմանագիր են կնքել Ղարաբաղյան հակամարտությանը մասնակցելու համար

Սիրիական գրոհայինները չեն վերադարձել Ղարաբաղից, որովհետև նրանցից յուրաքանչյուրը կես տարվա պայմանագիր է կնքել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով սիրիական ընդդիմության աղբյուրներին։

«Գրոհայինների ևս մեկ խումբ պատրաստվում է մեկնելուն»,-ասել են գործակալության աղբյուրները:

Ավելի վաղ «Wall Street Journal» թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիայի հետ կապված հարյուրավոր սիրիացի գրոհայիններ մեկնել են Ղարաբաղյան հակամարտության գոտի` ռազմական գործողություններին մասնակցելու: Սիրիացիներից մեկի խոսքով՝ գրոհայինները սեպտեմբերի կեսերից Ղարաբաղ են մեկնել մինչև 100 հոգանոց խմբերով։ Թերթի մեկ այլ աղբյուր էլ նշել էր, որ հարյուրավոր վարձկաններ արդեն տեղափոխվել են։ Սակայն, նրա խոսքով, տասնյակ գրոհայիններ վերադարձել են, քանի որ Ղարաբաղում կատաղի մարտեր են ընթանում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Ղարաբաղի և Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև այս թեմայով մտահոգություն են հայտնել Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները։ Բացի այդ, Թուրքիայի ղեկավարությունը բազմիցս և բացահայտ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում սատարում է Ադրբեջանին։

Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը