Աշխարհ

13.10.2020 19:45


Ադրբեջանը կաշառել է միջազգային ֆեդերացիայի նախագահին

Ադրբեջանը կաշառել է միջազգային ֆեդերացիայի նախագահին

Ըմբշամարտի միավորված ոճերի միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահ Ռաֆայել Մարտինետին հայտնվել է հնչեղ սկանդալի կիզակետում. նա մեղադրվում է տարիներ առաջ Ադրբեջանի պաշտոնատար անձանցից ծածուկ խոշոր գումար ստանալու համար, որը կարող է որակվել որպես կաշառք կամ փողերի լվացում: Շվեյցարական մամուլին հայտնի է դարձել, որ այդ երկրի քաղաքացիություն ունեցող նշված պաշտոնյան 2012 թվականին 6 միլիոն ֆրանկի նվիրատվություն է ստացել Ադրբեջանի մարզական կառավարական շրջանակներից:

Շվեյցարիայի իրավապահները նշում են, որ նա թաքցրել է այդ հանգամանքը, ինչը համարվում է օրենքի խախտում: Պատասխանատվությունից խուսափելու համար Մարտինետին պետք է համապատասխան հարկ վճարի այդ գումարից: 78-ամյա նախկին նախագահը հեղինակությունը փրկելու համար ստիպված կլինի վճարել 2,2 մլն դոլար:

Ալպյան երկրի պատկան մարմինները պարզել են, որ 8 տարի առաջ Մարտինետիի և նրա կնոջ ներկայացրած հարկային հայտարարագրի համաձայն՝ զույգը ունեցել է 337 հազար 545 շվեյցարական ֆրանկի եկամուտ, իսկ նրանց կարողությունը կազմել է 9,5 մլն ֆրանկ: Նրանք նշել են, որ ստացել են ընդհանուր առմամբ 5 մլն եվրոյի նվիրատվություն: Շվեյցարիայի հարկային ծառայությունը պարզել է, որ Մարտինետիների ընտանիքը չի նշել ադրբեջանական կողմից ստացված խոշոր գումարի մասին, ինչը կարող է տևական բանտարկության պատճառ դառնալ:

Միաժամանակ՝ կատարվածը լրջորեն ստվերում է ներկայումս Ըմբշամարտի միացյալ աշխարհ (ԸՄԱ) կոչվող միջազգային ֆեդերացիայի հեղինակությունը, ինչը կարող է առանձին դատաքննության պատճառ դառնալ: Համենայն դեպս՝ կազմակերպության մի շարք հովանավորներ պահանջում են պարզել կատարվածի բոլոր հանգամանքները՝ հակառակ դեպքում սպառնալով դադարեցնել համագործակցությունը միջազգային այդ կառույցի հետ: Դա էլ, իր հերթին, կարող է ֆինանսական ճգնաժամ առաջացնել Ըմբշամարտի միացյալ աշխարհում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Կազմակերպությունը լրացուցիչ տեղեկատվություն ստանալու և իրավիճակը ուսումնասիրելու նպատակով արդեն իսկ դիմել է Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիային: Դժվար չէ ենթադրել, որ վերջինս կտրականապես կհերքի առնչությունն այդ սկանդալին: Այդ առումով համաշխարհային մարզական հանրությունը պետք է ջանք չխնայի իրականությունը պարզելու և մեղավորներին խստիվ պատժելու համար, այլապես սպորտում կոռուպցիան արմատախիլ անելու մասին բոլոր հայտարարությունները և, անկեղծ ասած, առայժմ ոչ այնքան արդյունավետ քայլերը վերջնականապես կդադարեն վստահություն ներշնչել: Եթե պարզվի, որ տեղի ունեցածն անօրինական գործարք է, ապա Ադրբեջանի ֆեդերացիան պետք է առնվազն խոշոր տուգանքի ենթարկվի և որոշ ժամանակով որակազրկվի: Դա ամենևին էլ չի բացառվում՝ հաշվի առնելով միջազգային ֆեդերացիայի տարածած պաշտոնական հայտարարությունն առ այն, որ ուսումնասիրության արդյունքներով անպայման ձեռնարկվելու են անհրաժեշտ միջոցներ: «Մենք ամբողջությամբ կողմնակից ենք ազնիվ մրցակցության կանոնների պահպանմանը: Չենք հանդուրժի որևէ անօրինական քայլ՝ ոչ մեր աշխատակիցների, ոչ էլ՝ ազգային ֆեդերացիաների, մրցավարների, մարզիչների և մարզիկների կողմից»,-նշվում է ԸՄԱ հայտարարությունում:

Ի դեպ, հենց միջազգային ֆեդերացիայում տարածված կոռուպցիայի պատճառով 2013 թվականի փետրվարին Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել էր ըմբշամարտը հանել օլիմպիական խաղերի ծրագրից, սակայն, տեղի տալով մարզաձևի ներկայացուցիչների ճնշմանը, բավարարվեց 9 տարի պաշտոնավարած Մարտինետիի հրաժարականով:

Աղբյուրը՝ armenpress.am

Այս խորագրի վերջին նյութերը