Լրահոս

22.04.2011 10:16


Ադրբեջանական կողմը Մեթյու Բրայզային արգելել է այցելել Ջուղայի հայկական գերեզմանատուն

Ադրբեջանական կողմը Մեթյու Բրայզային արգելել է այցելել Ջուղայի հայկական գերեզմանատուն

Ինչպես հաղորդում է «Երկրամաս» թերթը, ապրիլի 20–ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան այցելել է Նախիջևան և հանդիպել նրա ղեկավար Վասիֆ Թալիբի հետ։

Երբ Բրայզան ցանկություն է հայտնել այցելել Ջուղայի հայկական գերեզմանատուն, նրան այդ բանն արգելվել է։

–Նախիջևան կատարած այցի ընթացքում դեսպան Բրայզան Ջուղա մեկնելու ցանկություն է հայտնել՝ ուսումնասիրելու այն գերեզմանատունը, որտեղ գտնվող հայկական խաչքարերը, որոշ տեղեկությունների համաձայն, 2005թ. ոչնչացվել են: Դեսպանի խնդրանքը, սակայն, մերժվել է,–գրված է Բաքվում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղարդագրության մեջ:

Ըստ դեսպանատան տարածած  հաղորդագրության՝ Մեթյու Բրայզան ասել է, թե ինչպես և խոստացել էր Վաշինգտոնում իր պաշտոնավարման մեկնարկից առաջ, ինքը ժամանել է Նախիջևան, որպեսզի քննի Ջուղայում տեղի ունեցածը:

– Ես դեռ այն ժամանակ էի ասել, որ մշակութային հուշարձանների, մասնավորապես գերեզմանատների պղծումը ողբերգություն է: Կովկասը բազմաթիվ մշակութային արժեքների հայրենիք է՝ տարբեր կրոններ, ավանդույթներ ու արժեքներ ներկայացնող։ Ես ակտիվորեն աշխատել եմ Թբիլիսիի հայկական եկեղեցիների պաշտպանության ուղղությամբ, շատ բան եմ արել Շուշիի և Աղդամի ադրբեջանական մզկիթների պահպանության ուղղությամբ,–նշել է Բրայզան։

Հայտարարության մեջ նաև նշված է, որ Նախիջևանի իշխանությունները Բրայզայի հետ քննարկել են Ջուղայի խաչքարերի խնդիրը` խոստանալով, որ առաջիկա ամիսներին այդ այցը կկազմակերպվի:

Այս խորագրի վերջին նյութերը