Լրահոս

22.05.2011 15:10


Գեղամ Նազարյան. «Սեւի եւ սպիտակի ժամանակներն անցել են»

Գեղամ Նազարյան. «Սեւի եւ սպիտակի ժամանակներն անցել են»

Մասնակցելով Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած քաղաքացիական բաց ժողովին՝ «Հայք» թերթի նախկին գլխավոր խմբագիր Գեղամ Նազարյանը ելույթ է ունեցել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Համոզված եմ, որ այսօր այստեղ հավաքվել ենք ոչ այն պատճառով, որ առաջիկայում ընտրություններ են լինելու, այլ այն, որ մեր երկիրը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ:

Մենք ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ: Ավելին, չլուծելով առկա խնդիրները, երկրաչափական պրոգրեսիայով ի հայտ են գալիս նորերը` ավելի դժվար լուծելիները: Միայն արտագաղթի ցուցանիշները բավական են, հասկանալու համար, թե ինչ ծանր իրավիճակում է հայտնվել Հայաստանը: Երկրից հեռանում են նրանք, ովքեր չեն կարողանում օրվա հաց վաստակել, ովքեր չեն կարողանում կերակրել իրենց երեխաներին: Հայաստանից հեռանում են ամեն օր տարատեսակ անարդարությունների հետ բախվողները: Սկսել են արտագաղթել նույնիսկ պետական ծառայողները եւ բիզնեսի ներկայացուցիչները: Հայաստանից կապիտալի աննախադեպ արտահոսք է տեղի ունենում: Տնտեսության վիճակն ամեն օր ավելի մտահոգիչ է դառնում: Տնտեսագետները կվկայեն, որ նման աղետալի իրավիճակ Հայաստանում  եղել է  միայն  1990-ականների սկզբում: Եթե այս ամենին գումարենք  երկրում արմատավորված բարոյալքումը, ապա ավելի լավ կհասկանանք, թե ինչ աղետի առջեւ ենք կանգնած:

Ամենավատն այն է, որ երբ ահազանգում ենք, մատնացույց անում առկա խնդիրները, ոմանք կարծում են, թե խտացնում ենք գույները: Իրականում, մենք դեռ ամեն ինչ շատ ավելի մեղմ ենք նկարագրում: Իսկ իրավիճակն ավելի բարդ է: Չպետք է մոռանալ, որ մեր կողքին ունենք Ադրբեջանի նման բռնատիրական պետություն, որի  ղեկավարների ռազմաշունչ հայտարարությունները գնալով ավելի ինտենսիվ բնույթ են կրում:

Հուսով եմ, վստահ եմ, այստեղ հավաքվել ենք, գիտակցելով, թե ինչ խնդիրների առաջ է կանգնած մեր երկիրը: Հրաշքով անկախություն վերանվաճելուց հետո սարսափելի աղետ կլինի, եթե մենք մեր ձեռքով կործանենք մեր պետականությունը: Մեր միջից պետք է հանենք այն մտայնությունը, թե ինչ որ երկիր ելնելով իր իսկ շահերից թույլ չի տա մեր երկրի կործանումը: Մշտապես հիշենք, որ տունը, այս դեպքում նաեւ պետությունը կործանվում է ոչ թե դրսից, այլ ներսից:

Անշուշտ պետք է հավաքվել եւ քննարկել առկա խնդիրները: Միանշանակ պետք է ողջունել այս հավաքը նախաձեռնողներին, բայց միաժամանակ պետք է շեշտենք, որ մենք ոչ մի առաջընթաց չենք արձանագրի, եթե շարունակենք հավաքվել առանց հստակ օրակարգի: Ժամանակն է, որ հստակեցնենք այն խնդիրները, որոնք առաջնային լուծման կարիք ունեն: Ժամանակն է, որ հստակ օրակարգ ձեւավորվենք եւ փորձենք քայլ առ քայլ լուծել առկա բարդ խնդիրները: Եթե մենք ուշացնենք օրակարգի ձեւավորումը, ապա համոզված եմ, որ մեզ մոտ ոչինչ չի ստացվի: Իսկ եթե մեզ մոտ ոչինչ չստացվի, ապա դրանից կշահեն մեր պետության հակառակորդներն ու թշնամիները:

Րաֆֆի Հովհաննիսյանը մարդկային վեհ քայլի դիմեց` Ազատության հրապարակում հացադուլ անելով: Այսօր կարող ենք արձանագրել, որ այդ քայլով Հայաստանի քաղաքական դաշտում բավական հուժկու ցնցումներ տեղի ունեցան` դրանից բխող հետեւանքներով: Այսուհանդերձ, այսօր արդեն պետք է ընդունենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ջանքերը կհավասարվեն զրոյի, եթե այդ հզոր քայլը շարունակություն չունենա: Հացադուլը քաղաքական շարունակություն պետք է ունենա:

Կարծում եմ, այսօր այլեւս չի կարելի խորացնել մեր երկրում առկա թշնամանքը, փոխադարձ ատելությունը: Պետք է կանգ առնենք, սթափվենք եւ հասկանանք, որ չի կարելի անցած դարի 30-ականների ոգով ազգի դավաճաններ, լրտեսներ կամ վնասարարներ փնտրել: Եթե կանգ չառնենք եւ շարունակենք ատել միմյանց, ապա դրանից որեւէ մեկը չի շահի, իսկ ավելի ճիշտ` կշահեն մեր պետության հակառակորդները, որոնք նստած սպասում են, թե երբ ենք մեր ձեռքով կործանելու մեր անկախությունը:

Սեւի եւ սպիտակի ժամանակներն անցել են: Առաջ շարժվելու համար պետք է գլոբալ երկխոսություն սկսել: Ընդ որում, չպետք է ինչ-ինչ պատճառներով խուսափել այս բառի օգտագործումից: Հասարակության բոլոր շերտերում, բոլոր քաղաքական ուժերում առկա են առողջ մտածող, սթափ դատող մարդիկ, որոնք իրենց ջանքերը համախմբելով կարող են հաջողության հասնել:

Իսկ միավորվել չի նշանակում անպայման բոլոր առողջ ուժերին հավաքել մեկ կուսակցությունում կամ մեկ դաշինքում: Կարծում եմ, արդեն իսկ մեծ առաջընթաց կլինի, եթե ձեւավորենք ընդհանուր օրակարգ, հստակեցնենք խնդիրները եւ ընդհանուր ճակատով սկսենք լուծել դրանք:

Շատ կարևոր է, որ պրոբլեմների ձևակերպումը չկրի վերացական բնույթ: Իրավիճակի  գնահատկանները, որքան էլ դրանք լինեն օբյեկտիվ, չպետք է լինեն միայն ընդհանրական: Չափազանց կարևոր է լսել ու հասկանալ կոնկրետ սոցիալական խավերի խնդիրներն ու մտահոգությունները: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ կոնկրետ խավերի խնդիրների կոնկրետ ձևակերպման դեպքում` հանրային աջակցությունն ավելի տեսանելի է դառնում: Բերեմ միայն մեկ օրինակ: “ ԲարգավաՃ Հայաստանը” մի քանի տարի շարունակ մեր աչքի առաջ նպատակասլաց աշխատանքի շնորհիվ դարձել է մանր ու միջին բիզնեսի ոտնհարավող իրավունքների ու շահերի ամենալուրջ պաշտպանը, իսկ խոսքը 350-400 հազարանոց սոցիալական խավի մասին է: Հենց դա է նաև պատճառը, որ ԲՀԿ վարկանիշն այսօր բավական բարձր  է: Սա ոչ թե գովեստի կամ մրցակցության կոչ է, այլ փաստացի օրինակ, որ կոնկրետ խավերի խնդիրների կոնկրետ ձևակերպման դեպքում` հանրային աջակցությունն ավելի տեսանելի է դառնում:

Ամփոփելով, ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել հստակ օրակարգի, քայլերի հստակ համակարգի ձևավորման անհրաժեշտությունը:

Մի փոքր աշխատասիրություն, վճռականություն, իրավիճակի ճիշտ եւ սթափ գնահատում եւ հնարավոր կլինի լուրջ հաջողությունների հասնել, որից կշահի, թե Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացին, թե մեր պետականությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը