Աշխարհ

09.10.2020 15:04


Բաքուն ու Անկարան փորձում են կրկին Արցախ բերել աֆղան մոջահեդներին

Բաքուն ու Անկարան փորձում են կրկին Արցախ բերել աֆղան մոջահեդներին

Միջազգային լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Էրդողանը նոր վարձկաններ է բերելու փուշտուն Գոլբեդդին Հեքմաթյարի «Իսլամական կուսակցության» անդամներից: Վերջինիս գլխավորած կուսակցությունը ԽՍՀՄ-ի զորքերի դեմ Ա‎ֆղանստանում պայքարող մոջահեդական ամենաարմատական խմբավորումն էր, որը միաժամանակ Պակիստանի ԶՈՒ-ի գաղտնի ծառայությունների միջոցով ԱՄՆ-ի հատկացրած միջոցների առյուծի բաժինն էր ստանում, ինչը հաճախ կիրառել է նաև ներքին բախումների համար:

Հեքմաթյարը 1977 թ. 30 տարեկան հասակում է հիմնադրել ծայրահեղական այդ կուսակցությունը: 2001 թ., երբ ԱՄՆ-ը ռազմական գործողություններ սկսեց թալիբական Աֆղանստանի ու բեն Լադենի ճամբարների դեմ, նա անմիջապես թալիբներին աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Սա այն դեպքում, երբ թալիբները դեռևս 1994 թ. նրան այդ երկրի քաղաքական թատերաբեմում երկրորդ պլան էին մղել: Հեքմաթյարը հայտնի է նաև որպես Քաբուլի մսագործ, քանի որ, համայնավարական իշխանությունների տապալումից հետո, իր վարչապետության շրջանում (1992-94 թթ.) այդ քաղաքում զոհվել է ավելի քան 50 հազար խաղաղ բնակիչ: 2002 թ. նա կրկին ապաստան է գտել Պակիստանում, որտեղից ահաբեկչական և այլ գործողություններով պայքարել է Ա‎ֆղանստանի իշխանությունների և ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի դեմ, ընդգրկվել ՄԱԿ-ի ահաբեկիչների ցուցակում: Սակայն 2016 թ. նախագահ Մոհամեդ Աշրա‎ֆ Ղանիի և «Իսլամական կուսակցության» միջև ստորագրվեց խաղաղության համաձայնություն, ինչին ի հատուցում՝ Հեքմաթյարն ու նրա կուսակցության այլ առաջնորդներ ստացան անձեռնմխելիություն, նրա անունը հանվեց ՄԱԿ-ի ահաբեկչական ցուցակից:

Հատկանշական է նաև, որ Անկարան ոչ միայն խիստ կողմնակից էր հայտնի ահաբեկչի հայրենիք վերադառնալուն, այլև ամեն կերպ ձգտում էր խաղաղության բանակցությունների մասնակիցը դառնալ, այս մասին գրում էին նաև թուրքական ԶԼՄ-ները: Ա‎ֆղանստան վերադառնալուց հետո նա պաշտոնական հրավեր ստացավ Թուրքիա այցելելու համար: Ավելին, նույնիսկ պակիստանյան ԶԼՄ-ները նշեցին, թե Էրդողանը ցանկություն է հայտնել Ա‎ֆղանստանում դիմավորել նրան հայրենիք վերադառնալիս: Ինչպես նշում են վերլուծաբանները՝ Էրդողանը անհամբերությամբ սպասում էր Ա‎ֆղանստանի քաղաքական ասպարեզ նրա վերադարձին: Այնպես որ, ոչինչ պատահական չի լինում, թերևս, Հեքմաթյար-Էրդողան մտերմությամբ էր պայմանավորված Քաբուլի դիրքորոշումը Արցախ-Ադրբեջան ընթացող պատերազմի վերաբերյալ: Հեքմաթյարը մեծ գումար է ներդրել Թուրքիայում և ըստ երևույթին իր կյանքը վստահում է միայն թուրք բժիշկներին՝ բուժվելով միայն Թուրքիայում:

Էրդողանը դեռևս 1985-ից եղել է Հեքմաթյարի երկրպագուն, Փիշեվարում հանդիպում է ունեցել նրա հետ: Սաուդական «Ալ Արաբիա» գործակալությունը 2017 թ. ապրիլին հրապարակել է 1985 թ. մի լուսանկար, որտեղ Էրդողանը ծնկել է Հեքմաթյարի առջև: Լուսանկարում նաև Թունիսի ծայրահեղական «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Ռաշեդ ալ Ղնուշին է: Այստեղ կա նաև 1995 թ. Թուրքիայում հիշյալ եռյակի մեկ այլ կերուխումի լուսանկար: Նշենք նաև, որ Հեքմաթյարը եղել է «Մուսուլման եղբայրների» աֆղանական տարբերակի «Երիտասարդ մուսուլմաններ» կազմակերպության անդամ: Էրդողանը մշտապես խիստ համակրել ու համակրում է իսլամական վերազգային այս կառույցին և, ըստ երևույթին, ձգտում է դրա տարածմամբ իրականացնել իր նեոօսմանյան նկրտումները, իսլամի սունի ուղղության առաջնորդ դառնալու իր ցանկությունները: Այս բոլորը վկայում են Էրդողանի ու Հեքմաթյարի գլխավորած կուսակցությունների գաղափարախոսության զգալի ընդհանրությունների մասին: Հեքմաթյարը ևս արյուն հեղելու ցանկություն միշտ էլ ունեցել է: Ահավասիկ, 2019 թ. Ա‎ֆղանստանի նախագահական ընտրություններից առաջ հայտարարել էր, որ եթե դրանք կեղծված լինելու կասկած ունենա, զենք է վերցնելու: Դա տեղի չունեցավ, իսկ հիմա նրան մտերիմ բարեկամը հրավիրում է հեղել ոչ մահմեդականների արյունը, ինչը, թերևս, հաճելի է թվում, սակայն նրան Արցախի դեմ պատերազմում հիասթափություն է սպասվում, ինչը տեղի է ունեցել նաև 90-ականների պատերազմի ընթացքում:

Հեյդար Ալիևը ևս ի սկզբանե ձգտել է ծայրահեղ իսլամականներին ծառայեցնել իր նպատակներին՝ ԼՂՀ-ի դեմ պատերազմում հաջողության հասնելու, նրան ծնկի բերելու համար: 1993 թ. Ադրբեջան-ԼՂՀ ռազմական բախումների ընթացքում, ինչպես նշում են արևմտյան աղբյուրները, ավելի քան 1000 արաբ-աֆղաններ աֆղանների ու պակիստանցիների հետ եկան Արցախ՝ կռվելով Ադրբեջանի բանակի կազմում իբրև վարձկաններ (RFI, 24 սեպտեմբերի, 2001 թ.): Սակայն, ինչպես հայտնի է, բացառապես որևէ հաջողություն չարձանագրեցին: Այս առնչությամբ հատկանշական է, որ դրանք Աֆղանստանի մոջահեդական ամենաարմատական խմբավորման, Հեքմաթյարի գլխավորած «Իսլամական կուսակցություն» կազմակերպության ռազմական ճամբարների «սաներն» էին: Բնավ էլ բացառված չէ, որ այն ժամանակ էլ ահաբեկիչներն Արցախ էին բերվել հենց Էրդողանի միջնորդությամբ: Այն, որ Պակիստանից ու Ա‎‎ֆղանստանից Ադրբեջանի բանակում պատերազմին մասնակցողները Հեքմաթյարի ահաբեկիչներն էին, տողերիս հեղինակի համար փաստվել է 2000 թ. մայիսի 10-ին Թեհրանում: Այդ մասին մանրամասներ պատմեց գեներալ Ռաշիդ Դուստոմի գլխավորած Ազգային-իսլամական շարժում կազմակերպության օրգան «Ջոնբեշ» պարբերականի պատասխանատուներից Մահմուդ Մաջիդը, որին հարցազրույց եմ տվել: Խոսելով Հեքմաթյարի ահաբեկչական կենսագրության մասին, նշենք, որ, ըստ ամերիկյան տվյալների, նրա ճամբարների «սաներից» շուրջ 100-ը մասնակցել էին 1993 թ. Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի դեմ կատարված առաջին ահաբեկչությանը:

Էրդողան-Հեքմաթյար մտերմության մասին է վկայում նաև վերջինիս խստաշունչ ելույթն ի պաշտպանություն էրդողանի արկածախնդրության Միջերկրականում, որը ամբողջությամբ սեպտեմբերի 11-ին հրապարակել է «Անատոլու» գործակալությունը: Հեքմաթյարը ուրբաթօրյա աղոթքը առաջնորդելով, գովեստի խոսքեր է շռայլում ընկերոջ հասցեին՝ նշելով, որ Թուրքիան, շահագործելով հայտնաբերած գազի պաշարները, մինչև 2023 թ. դառնալու է գերհզոր պետություն: Ապա շեշտում է, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բոլոր սադրանքներն ընդդեմ Թուրքիայի չեզոքացվելու են: Այլ կերպ ասած՝ Էրդողանը այս նեղ պահին էլ ու՞մ պետք է դիմեր, եթե ոչ գաղափարակից մտերիմ ընկերոջը:

Աղբյուրը՝ armenpress.am

Այս խորագրի վերջին նյութերը