Լրահոս

21.04.2011 15:10


ՀՑԹԻ-ն նախատեսում է ընդլայնել դրամաշնորհների ծրագիրը

Հայոց-ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից սահմանված Ռաֆայել Լեմկինի անվան ամենամյա դրամաշնորհային ծրագրի առաջին հաղթողը Լոնդոնի համալսարանի Պատմության և հասարակական գիտությունների ֆակուլտետի պատմության ամբիոնի ասպիրանտ Ռեբեկա Ջինքսն է: Ռ. Ջինքսը զբաղվում է Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի ուսումնասիրությամբ, արժանացել է մի շարք ակադեմիական մրցանակների և տիրապետում է անգլերեն, գերմաներեն և սերբերեն լեզուներին:

Հիշեցնենք, որ 2010թ. սեպտեմբեր ամսին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարեց Ռաֆայել Լեմկինի անվան ամենամյա դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին: Այն հնարավորություն է ընձեռելու օտարերկրյա ասպիրանտներին, ովքեր մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում, մեկ ամսով այցելել Հայաստանի Հանրապետություն` տեղի գիտական հաստատություններում և գրադարաններում ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Երիտասարդ հետազոտողների ուսումնասիրությունների իրականացման հիմնական վայրը հանդիսանալու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որտեղ նրանք հնարավորություն կստանան ծանոթանալ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությանը, ուսումնասիրություններ կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում և գրադարանում, ինչպես նաև ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ծանոթանալ Հայաստանի Հանրապետության բուհերի, արխիվների, գրադարանների նյութերի հետ:

Դրամաշնորհի պայմաններով տարեկան նախատեսվում է մեկ ասպիրանտի այցելություն: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է գիտնականների երկկողմանի ճանապարհորդության և կացության ծախսերը:

ՀՑԹԻ-ն նախատեսում է ընդլայնել դրամաշնորհների այս ծրագիրը` նպատակ ունենալով նպաստել Հայոց ցեղասպանության գծով մասնագիտացող հետազոտողների պատրաստման գործին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Այս խորագրի վերջին նյութերը