Լրահոս

21.04.2011 14:44


Թաթուլ Մանասերյան. «Կառավարությունը 3 տարի է՝ ո՛չ իր ծրագրին է հետամուտ լինում, ո՛չ նախագահի նախընտրական ծրագրին»

Թաթուլ Մանասերյան. «Կառավարությունը 3 տարի է՝ ո՛չ իր ծրագրին է հետամուտ լինում, ո՛չ նախագահի նախընտրական ծրագրին»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայելի» ակումբում տնտեսագետ Թաթուլ Մանսերյանն ասել է, թե կցանկանար զերծ մնալ  կառավարության գործունեությունը գնահատելուց.

Ես հիմա ձեռնպահ կմնամ, որովհետև հորդորները նոր են հնչել։ Մեկ ամիս է, որ երկրի ղեկավարը հորդորել է գործի անցնել։ Ըստ էության, տարօրինակ է նաև, որ կառավարությունը 3 տարի է՝ ո՛չ 2008թ. ներկայացրած իր ծրագրին է հետամուտ լինում, ո՛չ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրին։

Նրա խոսքերով՝ շոշափելի արդյունքներ տեսնելու համար առնվազն 2–3 ամիս անհրաժեշտ կլինի։

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՅԴ–ն, հնարավոր է, պահանջի վարչապետի հրաժարականը, Թաթուլ Մանասերյանն ասել է, թե ինքը համամիտ է բավական առողջ դրույթների հետ, որոնք ներկայացված են ՀՅԴ–ի կողմից, և ինքն էլ տարիներ առաջ մասնակից է եղել նման դրույթների մշակմանը, բայց միաժամանակ կարծում է, որ եթե խոսքը կառավարության հրաժարականի մասին է, ապա միևնույն ժամանակ պետք է խոսվի նաև նրա մասին, թե ինչ թիմ կարող է գալ և ինչ ծրագրով՝ հաշվի առնելով նաև քաղաքական իրավիճակը։

Ստեղծված պայմաններում ռեալ ծրագիր գաղափարախոսական առումով կլիներ, իհարկե, սոցիալական բաղադրության։ Ո՛չ այնքան սոցիալիստական, որի կրողն է ՀՅԴ–ն, որքան սոցիալական շուկայական տնտեսության կառուցումը Հայաստանում,–ասել է Թ. Մանասերյանը։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանն ասել է, թե ստեղծված տնտեսական իրավիճակից դուրս գալու համար տնտեսական քաղաքականության փոփոխություն, նոր մտածելակերպ ու նոր մոտեցումներ են պահանջվում.

Պարզապես տնտեսական թիմի փոփոխությունն արդյունքի չի բերի, եթե նոր եկած տնտեսական թիմը չունենա նոր՝ այլ գաղափարախոսություն։ Այսինքն՝ մենք պետք է ապահովենք ոչ միայն պարզապես մարդկանց փոփոխություն, այլ փոփոխություն այնպիսի մարդկանցով, որոնք կարող են նոր քաղաքականություն իրականացնել,–ընդգծել է Արա Նռանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը