Լրահոս

21.04.2011 11:38


Բաց նամակ Հայաստանում ԱՄՆ դեսպան տիկին Մարի Յովանովիչին

Հարգարժան տիկին դեսպան.

Ընդամենը 3 օրից` ապրիլի 24-ին, ողջ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը նշելու է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: Օսմանյան Թուրքիայի ղեկավարության կողմից ծրագրված և իրականացրած 20-րդ դարի ամենամեծ ոճիրին զոհ գնացին ավելի քան 1.5 մլն անմեղ մարդիկ, նրանց սպանեցին միայն այն բանի համար, որ հայ են, որ ցանկանում են ապրել իրենց նախնյաց հողում:

Ավելին, սարսափելի նախճիրից 96 տարի անց,  Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, Արցախի հարցում ցուցաբերում է միակողմանի և անհավասարակշիռ մոտեցում, այս կերպ էլ ավելի վտանգ սպառնալով տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Ընդամենը 2 տարի առաջ սկիզբ դրված հայ-թուրքական գործընթացը, որի ջատագովն  ու «հովանավորյալն» էր նաև Ձեր երկիրը, ձախողվեց պաշտոնական Անկարայի հերթական ուխտադրուժ և թշնամական բացահայտ կեցվածքի պատճառով:

Դարասկզբի Ցեղասպանությունը, 90-ականների սկզբին Արցախին պարտադրված պատերազմը, Բաքվի և Սումգայիթի եղեռագործությունները տրամաբանական շարունակությունն են այն հայատյաց քաղաքականության, որ որդեգրել է թուրք-ադրբեջանական ելուզակը` ցանկանալով ամեն կերպ ազատվել տարածաշրջանում հայ ժողովրդի ներկայությունից:

Ձեր երկրի լուռ անտարբերությունն այս հարցերի նկատմամբ  ոչ միայն վիրավորական է, այլ նաև տպավորություն է ստեղծում, որ ԱՄՆ-ն մեր ժողովրդի մեծագույն ողբերգությունը` Հայոց ցեղասպանությունը, օգտագործում է սեփական քաղաքական խնդիրները լուծելու համար: Այլապես ինչպես կարելի է բացատրել ԱՄՆ գրեթե բոլոր նախագահների նախընտրական խոստումները, որ անպայման կճանաչենք Հայոց ցեղասպանությունը, և ընտրվելուց հետո լուռ և երդմնազանց պահվածքը:

Այս տարի` ընդամենը մի քանի օրից, Ձեր երկրի նախագահը` Բարաք Օբաման, հնարավորություն ունի ապացուցելու, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը հիմնված է ոչ թե պատեհապաշտ խոստումների, այլ իրական գործընկերության, սեփական խոսքը հարգելու սկզբունքների վրա:

Տարիների ընթացքում մեր ժողովուրդը լռել է, հավատալով, որ Ցեղասպանության կազմակերպիչ երկիրն արժանի պատիժ կստանա, և կլինի վերջապես մեր ժամանակների Նյուրնբերգը: Նոր աճող սերունդը, սակայն, չի պատրաստվում երկար լռել և խոսել խնդրանքների լեզվով: Մենք տեր ենք մեր Արդար Դատին, մեր նախնյաց Իրավունքներին…

Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն

Այս խորագրի վերջին նյութերը