Աշխարհ

07.10.2020 11:25


«Կարո Փայլանը միայնակ չէ»․ ԼՂ հակամարտությունում խաղաղության կոչ անելու համար թիրախավորվելուց հետո հարյուրավոր թուրքեր համերաշխություն են հայտնել հայազգի պատգամավորին

«Կարո Փայլանը միայնակ չէ»․ ԼՂ հակամարտությունում խաղաղության կոչ անելու համար թիրախավորվելուց հետո հարյուրավոր թուրքեր համերաշխություն են հայտնել հայազգի պատգամավորին

Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բախումների ֆոնին խաղաղության կոչ անելու համար թուրքական Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի թիրախում հայտնվելուց հետո, հարյուրավոր թուրքեր իրենց աջակցությունն են հայտնել երկրի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանին, գրում է թուրքական Bianet թերթը։

Նշվում է, որ Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնն ավելի վաղ թերթերում հայտարարություն է հրապարակել Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող բախումների վերաբերյալ և թիրախավորել խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին՝ նրան մեղադրելով «պետական դավաճանության» համար։

Նրանց հայտարարությունից հետո Փայլանին աջակցություն և համերաշխություն արտահայտող համատեղ հայտարարություն են ստորագրել հարյուրավոր մարդիկ։

Նշելով, որ Փայլանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իր արտահայտությունների կապակցությամբ ատելության թիրախ է դարձել, հայտարարությունը ստորագրողներն ընդգծել են, որ նպատակաուղղված ազդեցության նման ակտերն արդեն մի քանի անգամ հանգեցրել են աղետների:

Ստորագրելով համատեղ հայտարարությունը՝ հարյուրավոր մարդիկ, մեծամասամբ՝ թուրքեր, հայտարարել են․ «Կարո Փայլանն իր կարծիքն արտահայտելու համար ատելության խոսքի թիրախ է դարձել և ներկայացվել որպես թշնամի։ Մենք արդեն բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպիսի հսկայական աղետների և ավերածությունների են հանգեցրել նպատակաուղղված հարձակման նման գործողությունները։ Այդ իսկ պատճառով մենք միասին ընդգծում ենք՝ Կարո Փայլանը միայնակ չէ»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը