Լրահոս

21.04.2011 10:18


ԱՄՆ–ը Լիբիայի ապստամբներին 25 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի

ԱՄՆ–ը Լիբիայի ապստամբներին 25 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նախատեսում է 25 մլրդ դոլարի օգնություն հատկացնել լիբիական ընդդիմությանը։

Ինչպես հայտնում է «ՌԲԿ» կայքը՝ օգնությունը ընդդիմադիրներին կտրամադրվի ինչպես կանխիկով, այնպես էլ զենք–զինամթորքի, դեղամիջոցների ու համազգեստների տեսքով։ Ինչպես տեղեկացնում է գործակալությունը՝ սա ԱՄՆ առաջին անմիջական օգնությունն է լիբիացի ապստամբներին։ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է. «Այս միջոցները կհատկացվեն որպես միջազգային օգնություն հարձակման սպառնալիքի տակ գտնվող Լիբիայի քաղաքացիական բնակչության պաշտպանության համար»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ–ը հայտարարել էր Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի դեմ ռազմական գործողություններից ապրիլի 5–ից դուրս գալու և հրամանատարությունը ՆԱՏՕ–ին փոխանցելու մասին։ Սակայն նախօրեին ԱՄՆ ռազմական հրամանատարության ներկայացուցիչները հայտնել էին, որ ամերիկյան կործանիչները շարունակել են հարվածներ հասցնել Լիբիայի հակաօդային պաշտպանության օբյեկտների վրա։

ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Դեյվիդ Քոենը ապրիլի սկզբին հայտարարել էր, որ ԱՄՆ քննարկում է լիբիական իշխանությունների ֆինանսական ակտիվների մի մասի օգտագործման հնարավորութունը Լիբիային հատկացվող մարդասիրական օգնության ծախսերը փակելու համար։ Նրա խոսքերով՝ Օբամայի հրամանով սառեցված միջոցների ծավալը կազմում է 34 մլրդ դոլար։

Լիբիայի պետական հեռուստատեսությունը նաև տեղեկացնում է, որ ՆԱՏՕ–ի ուժերը հարված են հասցրել մայրաքաղաք Տրիպոլիի շրջաններից մեկի ուղղությամբ։ ԶԼՄ–ների տեղեկությունների համաձայն՝ յոթ մարդ զոհվել է, ևս 18 վիրավորվել։ ՆԱՏՕ–ի հրամանատարությունը դեռևս չի մեկնաբանել այս լուրերը։

Այս խորագրի վերջին նյութերը