Աշխարհ

05.10.2020 09:11


«Մենք չենք ուզում միջազգային վարձկաններ լինել»․ Fox News-ը զրուցել է Ադրբեջան մեկնած և սպանված սիրիացի վարձկանի ազգականի հետ

«Մենք չենք ուզում միջազգային վարձկաններ լինել»․ Fox News-ը զրուցել է Ադրբեջան մեկնած և սպանված սիրիացի վարձկանի ազգականի հետ

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող արյունալի պայքարը շատերի կողմից դիտարկվում է որպես «միջնորդավորված պատերազմ» Անկարայի և Մոսկվայի միջև, որոնք կանգնած են վաղեմի վեճի հակառակ կողմերում, գրում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը՝ հաղորդելով, որ այս հակամարտությունում իր ուղղակի ներգրավվածությունն ունի նաև Թուրքիան, որը Սիրիայից ահաբեկիչներ է հավաքագրում և նրանց ուղարկում Լեռնային Ղարաբաղ։

Սիրիայից մի ահաբեկիչ, որը խոսել է անանունության պայմանով, Fox News-ին հայտնել է, որ այս շաբաթ մարտի դաշտում սպանվել են իր հարազատ Հոմս նահանգի Ռաստան քաղաքի չորս տղամարդիկ: Նրանցից մեկը՝ Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիական ազգային բանակ»-ի 35-ամյա մայոր Քինան Ֆերզաթը, եղել է նրա ազգականը։

«Քինանը «Սիրիական ազգային բանակ»-ին միացել է որպես հրետանային բրիգադի հրամանատար։ 2018 թվականին նա հրաժարվել է հաշտվել ռեժիմի հետ և արտաքսվել է Սիրիայի հյուսիս, ինչպես և մյուս դասալքված զինվորական սպաները։ Քինանը երկու տարբերակ ուներ. կա՛մ պետք է գնար Իդլիբ և միանար իսլամիստական և ահաբեկչական կազմակերպություններին, կա՛մ ուղևորվեր Աֆրին և միանար թուրքական ազգային բանակին»,-ասել է Fox News-ի անանուն զրուցակիցը։

Նրա խոսքով՝ վերջինս նախընտրել է միանալ «Սուլթան Մուրադի» դաշինքին, որը գործում է թուրքական ազգային բանակի կազմում։

Նա հայտնել է, որ իր ազգականին վերջերս խնդրել են մեկնել Ադրբեջան և վերջինս վախեցել է հրաժարվել, ուստի նախ մեկնել է Ստամբուլ, այնուհետև՝ Ադրբեջան։

«Դա ցավալի նորություն էր ընտանիքի համար։ Մենք հեղափոխականներ ենք, և մենք մեր գործն ունենք, մենք չենք ուզում միջազգային վարձկաններ լինել»,-խոստովանել է ահաբեկիչի ազգականը։

Նա նաև ցուցադրել է Ռաստան քաղաքի մյուս երեք՝ 20-ից 30 տարեկան սպանված վարձկանների լուսանկարները։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը