Լրահոս

20.04.2011 14:20


Դերասան. «Բա՛վ է լացենք. լացի հետևում պախկվելով՝ շատ հեշտ է խուսափել գործ անելուց»

Դերասան. «Բա՛վ է լացենք. լացի հետևում պախկվելով՝ շատ հեշտ է խուսափել գործ անելուց»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սթեյջ 7» արտիստների և գրողների համագործակցության կենտրոնի նախագահ Տիգրան Նալչաջյանը, խոսելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացուման մասին, ասել է, թե այն Ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների շարքում բեմադրվել է Սանկտ–Պետերբուրգում և մեծ արձագանք է ունեցել: Բեմադրությունը նոր դերասանական կազմով Հայաստանում առաջին անգամ է ներկայացվում:

Սցենարի հեղինակն ու բեմադրիչը կինոյի և թատրոնի արտիստ Արտաշես Ալեքսանյանն է, ով նշել է, թե այն «Սթեյջ 7» դերասանական ստուդիայի շուրջ 30 սաների և արհեստավարժ դերասանների մասնակցությամբ հայ հանդիսատեսի դատին կներկայացվի ապրիլի 21–ին Հրազդան քաղաքում և ապրիլի 22–ին՝ ժամը 14։00–ին, Երևանում՝ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում։

–Սա այն ներկայացումներից է, որը խրթին է։ Եղեռնի վերաբերյալ է, բայց` առանց լացուկոծի։ Շատերը միգուցե քննադատեն և ասեն, թե Եղեռնին նվիրված միջոցառման մեջ ինչպե՞ս կարող է հարսանիք, ծափ–ծիծաղ, հումոր լինել, բայց գաղափարն այն է, որ մեր ուժը մեր միասնության մեջ է, և պետք է հիշել, մեծարել, պատվել, բայց առաջ գնալ։ Սա ոգեկոչ ներկայացում է՝ հայրենասիրական, դաստիարակչական ոգով։ Այն սնում է, պնդում, կարծրացնում ոգիները,–ասել  է նա:

Դրամատիկական թատրոնի դերասան, ներկայացման  գլխավոր դերակատար Գուրգեն Անտոնյանն էլ ասել է, թե բավ է՝ լացենք։

Հանկարծ եթե մեկը փորձում է լացել, մեր գլխավոր կերպարը` շինարար Մարգարը, սաստում է՝ լացը լաց է բերում։ Լացի հետևում պախկվելով՝ շատ հեշտ է խուսափել գործ անելուց։ Ծնել, պահել–մեծացնելն ավելի դժվար է, քան լացելը,–ասել է նա:

Նրա խոսքերով՝ այսօրվա ամենաանհրաժեշտ կերպարներից է Մարգար պապը, ով երբեմն–երբեմն կոչ է անում, պահանջում երեխաներ ունենալ, ապրել ու արարել, անցյալը ողբալը թողնել:

Մենք այսօր կարիք ունենք պերսոնաժների։ Ղարիբ լինելը մեզ պարտադրված է, և մենք սա արդարացնում ենք` հայի բախտ ասելով: Բայց մենք կարող ենք դա չընդունել, ըմբոստանալ դրա դեմ և ապրել արարումով,–ընդգծել է Գուրգեն Անտոնյանը:

Ներկայացումը տևում է մոտ 90 րոպե, սակայն բեմադրող ռեժիսորը վտահեցնում է, որ ոչ ոք չի ձանձրանա։

Տոմսերը չեն վաճառվում, և ստեղծագործական խումբը ձգտելու է այն միշտ ներկայացնել անվճար։ Բեմադրության համար անհրաժեշտ ողջ ֆինանսական ներդրումն արել է ստեղծագործական խումբն իր հաշվին։

–Եթե մի քիչ խելամիտ գտնվեն մարդիկ, կօգնեն այս գործին։ Այս ներկայացումը պիտի լինի դպրոցից մինչև 150 տարեկան մարդկանց համար, թող բարձր չհնչի, սեղանի գիրք,–ասել է Արատաշես Ալեքսանյանը։

Պատասխանելով «7օր»–ի հարցին, թե իսկ այդ կապակցությամբ Մշակույթի նախարարություն դիմե՞լ են՝ նա ասել է, թե՝ այո՛, դիմել են, բայց ստացել են մերժում՝ առանց պատճառաբանության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը