Աշխարհ

02.10.2020 09:53


Թուրքիայի դեմ պատժամիջոցները կարող են սահմանվել դեկտեմբերի սկզբին․ Մակրոն

Թուրքիայի դեմ պատժամիջոցները կարող են սահմանվել դեկտեմբերի սկզբին․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է, որ ԵՄ անդամ երկրներ Հունաստանի և Կիպրոսի հետ Եվրոպայի համերաշխությունը չպետք է լինի քննարկման ենթակա։ Նա այս մասին հայտարարել է Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի հետ լարվածության թեմայով ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, փոխանցում է RFI-ն։

«Մենք պայմանավորվել ենք, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցները կարող են սահմանվել դեկտեմբերի սկզբին, եթե Անկարան երկխոսության մեր կոչին կառուցողական պատասխան չտա և չհրաժարվի Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ միակողմանի գործողություններից»,-ասել է Մակրոնը։

Մակրոնն ընդգծել է, որ ԵՄ-ն մտադիր է Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ևս մեկ փորձ կատարել՝ համագործակցություն կառուցելով առևտրի և միգրացիայի հարցերով։ Բայց նա միաժամանակ հավաստիացրել է, որ միությունը «երբեք չի դավաճանի իր անդամ պետությունների շահերին և ինքնիշխանությանը»։

Անկարան ԵՄ-ին զայրացրել է հետազոտական նավեր ուղարկելով վիճարկվող ջրեր, և Հունաստանն արձագանքել է Ֆրանսիայի աջակցությամբ զորավարժությունների անցկացմամբ, ինչը հարուցել է լայնածավալ հակամարտության հետ կապված մտավախություններ։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գագաթնաժողովի հրավերքում նախազգուշացրել էր, որ եթե Անկարան չհակվի կառուցողական բանակցությունների, ապա «սեղանին են մնում բոլոր տարբերակները»։

Այս տարբերակներին թվում են նաև Թուրքիայի դեմ խիստ տնտեսական պատժամիջոցները, սակայն պաշտոնատար անձինք շեշտում են, որ այս պահին իրենք պետք է կենտրոնանան դիվանագիտական լուծման որոնման վրա։

«Մենք Հունաստանի հանդեպ Թուրքիայի կողմից դրական զարգացում ենք տեսել, բայց ոչ ԿԻպրոսի հանդեպ»,-հայտարարել էր Եվրոպական խորհրդի նախագահը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը