Լրահոս

20.04.2011 10:18


Վրաստանի Հայ ուսանողների միությունը կոչով դիմել է Վրաստանի ուսանողական կազմակերպություններին

Սույն թվականի ապրիլի 24-ին լրանում է 96-րդ տարին, երբ Օսմանյան կայսրության տարածքում իրականացվեց պետական մակարդակով ծրագրված հայ ժողովրդի կոտորածը իր իսկ պատմական Հայրենիքում:

Վերոնշյալ ծրագրի իրականացման արդյունքում 1915-23 թվականներին հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 2 միլիոն մարդ և իր տարածքների մեծագույն մասը: 1915-23 թվականներին հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունը որակվում է որպես «ցեղասպանություն»` մարդկության դեմ հանցագործություն: Այդ մասին են վկայում իրավական փաստաթղթերը, որոնք 1915 թվականի մայիսին ընդունել են Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը: Հայ ժողովրդի իրավունքների վերականգնման հարցը քննարկվել է 1919 թվականի Փարիզի Խաղաղության կոնֆերանսում: Հայոց Ցեղասպանության ապացույցն է նաև 1920 թվականի Սևրի պայմանագիրը:

Մինչ օրս Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել է ավելի քան 20 պետությունների, ինչպես նաև բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Եվրախորհրդարանի և Եվրախորհրդի կողմից:

Ներկայում Հայոց Ցեղասպանության ճանաչման քննարկումների գործընթաց է գնում մի շարք երկրներում (օրինակ` ԱՄՆ, Բուլղարիա, Իսպանիա, Իսրայել, Սերբիա և այլն):

Վրաստանի Հայ ուսանողների միությունը կոչով դիմել է Վրաստանի ուսանողական կազմակերպություններին, այդ թվում` ԲՈՒՀ-երի ուսխորհուրդներին, հանուն արդարադատության և ժողովրդավարական արժեքների միանալ համաշխարհային քաղաքակիրթ հանրության նախաձեռնություններին և հանդես գալ Հայոց Ցեղասպանության փաստը դատապարտող պաշտոնական հայտարարություններով: Վրաստանի Հայ ուսանողների միությունը նաև խնդրել է մասնակցել Վրաստանի Հայ Համայնքի կողմից 2011 կազմակերպված միջոցառմանը` նվիրված Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին: Ապրիլի 24-ին, ժամը 14:00-ին, Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ (Թբիլիսի, Ի.Ճավճավաձե 35 հասցեով) կանցկացվի բողոքի խաղաղ ակցիա` Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով: Վրաստանի Հայ ուսանողների միությունը հույս ունի, որ Վրաստանի ուսանողները և ուսանողական կազմակերպությունները համերաշխություն կցուցաբերեն և կմասնակցեն վերոնշյալ նախաձեռնությանը:

«Վրաստանի Հայ ուսանողների միության»

մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը