Լրահոս

19.04.2011 15:06


Տեղի կունենա «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը

Չորեքշաբթի, ապրիլի 20-ին, ժամը 17:30-ին Խորհրդարանական հանրային գրադարանի մեծ դահլիճում (Լ.Գուդիաշվիլի 7/10) տեղի կունենա «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը:

«Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» ժողովածուում տեղ են գտել Վրաստանի Ազգային Խորհրդարանական գրադարանի` վրացական պարբերականների բաժնում պահպանվող Հայոց Ցեղասպանության թեման լուսաբանող նյութեր:

Հրատարակությունն ընդգրկում է 1914թ. սկզբից մինչև 1918թ. կեսերն ընկած ժամանակահատվածը, ինչն ընթերցողին թույլ է տալիս հետևել իրադարձությունների ընթացքին նախապատերազմյան տարվա հունվարից, Առաջին աշխարհամարտին Թուրքիայի ներգրավվելուց մի քանի ամիս առաջ, մինչև 1918 թվականի մայիս, երբ նախկին Ռուսական Կայսրության տարածքում իրենց անկախությունը հռչակեցին Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը: Ժողովածուում ժամանակագրական կարգով ներկայացված են այն կարևորագույն տվյալները, որոնք այն ժամանակների վրացական պարբերականների շնորհիվ մեզ են հասել վերլուծական հոդվածների և փաստերի արձանագրման տեսքով:

Վրաստանի արխիվներում պահվող պարբերական հրատարակությունները որևէ կերպ չեն ուսումնասիրվել Հայոց ցեղասպանության տեսանկյունից, այդպիսով տեղեկատվության լայն մի շերտ, որը հաստատում և լրացնում է արդեն ուսումնասիրված այդ հարցը, չի ներկայացվել լայն հասարակայնությանը:

Հրատարակության գլխավոր նպատակը վրաց ընթերցողին կոնկրետ թեմատիկայի հետ կապված Խորհրդարանական հանրային գրադարանի արխիվներում պահպանված նյութերին ծանոթացնելն է: Այդ իսկ պատճառով «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գիրքը լույս է տեսնում սկզբնաղբյուրների ժողովածուի տեսքով, որում նույնիսկ պահպանված է 20-րդ դարասկզբի վրացական մամուլին բնորոշ լեզվական ոճը:

Գիրքը նախատեսված է ինչպես մասնագետների նեղ խմբի (պատմաբաններ, հնագետներ, ժուռնալիստներ, կոնֆլիկտաբաններ և այլն), այնպես էլ ընթերցողների լայն շրջանակի համար:

Գրքի ստեղծման գաղափարը և ժողովածուի հրատարակման հետ կապված բոլոր աշխատանքները իրականացրել են Վրաստանի Հայ Համայնք և  Վրաստանի Հայ ուսանողների միություն հասարակական կազմակերպությունները:

Գիրքը լույս է տեսնում Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի (EAFJD) Վրաստանի գրասենյակի և Վրաստանի Հայ Համայնքի հովանու ներքո: «Վրաստանի Հայ Համայնք»-ի մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը