Լրահոս

19.04.2011 14:27


Թուրք–իսրայելական հարաբերությունները Հայոց ցեղասպանությունն ընդունելու առիթ չեն հանդիսանա

Թուրք–իսրայելական հարաբերությունները Հայոց ցեղասպանությունն ընդունելու առիթ չեն հանդիսանա

Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր ժողովուրդներին, բոլոր կառավարություններին, բոլոր պետություններին, որոնք մինչ այս օրը չեն ասել այդ բառը՝ ընդունել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը,–«Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հրեաների համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը։

«7օր»–ի դիտարկմանը, թե հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չընդունած երկրների շարքում է նաև Իսրայելը և հարցին՝ հնարավո՞ր է՝ թուրք–իսրայելական հարաբերությունների վատթարացումը առիթ հանդիսանա, որ Իսրայելն ընդունի հայոց ցեղասպանությունը, Ռ. Վարժապետյանը պատասխանել է.

Ո՛չ, դա առիթ լինել չի կարող։ Իսրայելը բավական քաղաքակիրթ պետություն է, այդ պետության քաղաքական գործիչները բնականաբար գիտեն՝ ի՞նչ կհետևի Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը, նրանք գիտեն, որ դա միանշանակ կազդի Իսրայելի անվտանգության, տնտեսության վրա, և Թուրքիայի հետ հարաբերությունները պետք չի դիտարկել՝ ինչքան վատ, այնքան լավ,– ասել է նա ու հավելել, թե պետք է քաղաքակիրթ միջոցներով պայքարել և սեփական երջանկությունը ուրիշների դժբախտության վրա չկառուցել։

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիայի ու Իսրայելի հարաբերություններն այնքան էլ վատ վիճակում չեն։ Ապա նշել է, թե ինքն իրավասու չէ բացատրել Իսրայելի քաղաքականությունը, քանի որ ընդամենը հասարակական գործիչ է, բայց այդուհանդերձ ընդգծել է, որ այդ հարցը միանշանակ քննարկվելու է Կնեսետում։

«Դուք նշեցիք, որ Իսրայելը բավական քաղաքակիրթ պետություն է, որպեսզի այդ պատճառով չփչացնի իր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Իսկ Իսրայելն այնքան քաղաքակիրթ երկիր չէ՞, որ ընդունի Հայոց ցեղասպանության փաստը՝ հաշվի առնելով, որ հրեա ժողովուրդն էլ է ցեղասպանության ենթարկվել» հարցին էլ պատասխանել է.

Լավ հարց եք տալիս, բայց քանի՞ երկիր չի ընդունել ցեղասպանությունը։

Այս պահին նկատի ունեմ Իսրայելը,–հակադարձել է լրագրողը։ –Ինչո՞ւ միայն Իսրայելը, իսկ ի՞նչ է, Վրաստանն ընդունե՞լ է, Ուկրաինան ընդունե՞լ է,–ասել է Ռ. Վարժապետյանը։ –Նրանց պաշտոնատար անձանց էլ հարցն ուղղվել ու ուղղվում է։ –Ես ձեզ հետ համաձայն եմ, որ հրեա ժողովուրդն իր վրա զգացել է այդ բոլոր դժբախտությունները։ Մենք կարծում ենք, որ Իսրայելը (չեմ ասում՝ հրեական աշխարհը, որովհետև հրեական աշխարհն ընդունում է, այլ հենց Իսրայել պետությունը)  պետք է ընդունի, բայց քաղաքականության պահ կա, տնտեսության պահ կա, այլ երկրների հետ հարաբերվելու պահ կա։ Դրա մասին մոռանալ չի կարելի,–ասել է Ռիմա Վարժապետյանն ու նշել, թե երբ Հայաստանում ոսկե մեդալով պարգևատրեցին Իրանի նախագահին, հրեկան համայնքը բողոքի նոտա էր հղել, բայց դա քաղաքականություն է՝ ինչպես Հայաստանը չի կարող առանց Իրանի, այնպես էլ Իսրայելն այս հարցում ունի իր հասկացությունները։ 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը