Լրահոս

19.04.2011 00:11


Քաղաքապետարանի փորձարկում է...

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում առավելապես առավոտյան ժամերին նկատվող տրանսպորտային հոսքերը թեթևացնելու նպատակով, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ապրիլի 18-ից մայիսի 18-ը ընկած ժամանակահատվածում ( 22 աշխատանքային օր ), իրականացվում է փորձնական ծրագիր: Ըստ այդմ, Կենտրոն վարչական շրջանի թվով 16, Արաբկիրի` 5, Շենգավիթի` 2 և Էրեբունու մեկ դպրոցներում, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի 20 նախադպրոցական ուսումնական հաստատություններում դասերն ու պարապմունքները սկսվում են 08:30-ին: Այս մոտեցման համար հիմք է ծառայել դպրոցներում գարնանային արձակուրդի շրջանում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում նկատված տրանսպորտային հոսքերի զգալի կրճատումը: Փորձնական այս ծրագրի արդյունքների ամփոփումից հետո միայն կորոշվի մայրաքաղաքի բոլոր հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում այն ներդնելու նպատակահարմարության հարցը:

Ընդհանուր առմամբ, Երևանի քաղաքային տրանսպորտի ոլորտի կանոնակարգման հետ կապված, նախատեսվում է բազմակողմանի ծրագրի իրականացում, որն իր մեջ ներառում է մի շարք ուղղություններ, այդ թվում.

•           Ներքաղաքային երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսների քանակի նվազեցում և դրանք միջին և մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով փոխարինում,

•           Մայրաքաղաքում տեղաբաշխված խանութներին, մանրամեծածախ շուկաներին և առևտրային կետերին, սննդի օբյեկտներին մատակարարվող ապրանքների առաքման որոշակի ժամերի սահմանում,

•           Միջմարզային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների, ուսանողական ավտոբուսների համար մայրաքաղաքի մուտքերի մոտ գտնվող ավտոկայաններում կամ երթակարգավարական կայաններում վերջնականգառների սահմանում և քաղաքացիներին ներքաղաքային տրանսպորտով մայրաքաղաքի կենտրոն տեղափոխում,

•           Ավտոկայանատեղիների կազմակերպմանն ու կանոնակարգմանն ուղղված միջոցառումների իրականացում:

Երևանի քաղաքային տրանսպորտի ոլորտի զարգացման հայեցակարգի ամբողջական տարբերակն առաջիկայում կներկայացվի հանրության քննարկմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը