Լրահոս

18.04.2011 18:09


ՊԵԿ. «2011-ը` սպասարկման որակի բարելավման տարի»

Պետական եկամուտների կոմիտեն սպասարկման ոլորտի բարեփոխումների, ընթացակարգերի պարզեցմանը նպատակաուղղված փոփոխությունների մասին հարկ վճարողներին իրազեկելու նպատակով դեռևս անցած տարվանից   պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում տարածքային հարկային տեսչություններում: Հերթական անգամ ՊԵԿ ղեկավարությունը հանդիպում  է ունեցել Խորհրդայինի, Կենտրոնի և Մյասնիկյանի  հարկային տեսչությունների    հարկ վճարողների  հետ: Տեղում քննարկվել են նրանց հուզող հարցերը, տրվել պարզաբանումներ:

Հարկ վճարողների սպասարկման որակի բարելավման խնդիրը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է: Կոմիտեի նախագահի հստակ հանձնարարականով տարածքային հարկային մարմինների առջև խնդիր է դրվել` հարկ վճարողներին ժամանակին և պարբերաբար իրազեկել համակարգի բարեփոխումների, ընթացակարգերի պարզեցմանը նպատակաուղղված փոփոխությունների  մասին:

Տարածքային տեսչությունների ղեկավարներն արդյունավետ են գնահատում  հանդիպումները: Նրանց խոսքով, հարկ վճարողները  նման գործնական մթնոլորտում   սպառիչ պատասխան են գտնում իրենց մտահոգող հարցերին: Փաստաթղթաշրջանառության կրճատումից բացի, քայլեր են արվում  նաև տեսչություններում սպասարկման որակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար:  Խորհրդայինի հարկ վճարողները ևս շուտով նման սպասարկման կենտրոն կունենան, ինչպիսիք արդեն գործում են Կենտրոնի, Մյասնիկյանի, Արաբկիրի  և Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություններում: Կարևորելով նման հանդիպումները` Խորհրդայինի հարկային տեսչության պետ Դավիթ Ղալումյանն ընդգծել է, որ հարկ վճարողներին հանգամանալից պարզաբանումներ են տրվել այն փոփոխությունների մասին, որոնց արդյունքում զգալի կրճատվել է փաստաթղթաշրջանառությունը. «Նախկինում սոցպարտավորությունների, շահութահարկի, ինչպես նաև  ակցիզային հարկ վճարողների հաշվետվությունները ներկայացվում  էին ամսական կտրվածքով, իսկ վերջին փոփոխություններով արդեն իսկ ներկայացնում  են եռամսյակային: Այս ամենի հետ զուգընթաց տեսչությունում  կատարվում են  են վերանորոգման, շինարարական աշխատանքներ, որոնք էլ ավելի կբարձրացնեն սպասարկման կուլտուրան և որակը: Ավելի հաճելի պայմաններ կստեղծվեն հարկ վճարողների համար»:

Խորհրդայինի, Կենտրոնի և Մյասնիկյանի հարկ վճարողներին ՊԵԿ կոմիտեի նախագահի տեղակալները պարզաբանել են, որ ձեռնարկատերերի գրանցման գործընթացի պարզեցման արդյունքում ներդրվել է «մեկ պատուհանի» սկզբունքը: Այն այժմ թույլ է տալիս ավելի արագ և առանց լրացուցիչ ծախսերի իրականացնել գրանցումը: Զգալի կրճատվել է փաստաթղթաշրջանառությունը: Հաշվետվողական համակարգից հանվել են ավանդական «ձև 1»-ը և «ձև 2»-ը, բիզնեսի ներկայացուցիչներին վստահեցրել է ՊԵԿ ղեկավարությունը:

Բարեփոխումներն արդարացնում են հարկատուների սպասելիքները: Նրանք դրական տեղաշարժը տեսնում են և գնահատում հարկային վարչարարության բարելավումը: Մյասնիկյանի  հարկային տեսչության հարկ վճարող Լաուրա Սարգսյանի խոսքով, այս բարեփոխումներով մոտենում ենք միջազգային չափանիշներին. □Եթե նախկինում հաշվետվությունները ներկայացնելիս  բաժնից բաժին էինք գնում, ամբողջ  օր կորցնում, ապա այժմ մեկ րոպե է տևում հաշվետվություն հանձնելը:  Ես սիրով եմ գնում Սպասարկման կենտրոն, որտեղ մեզ սպասարկում են համազգեստով, կոկիկ հագնված աշխատակիցները»:

Իսկ Խորհրդայինի հարկային տեսչության հարկ վճարող Գայանե Փետևոտյանը, ով հաշվետվություններն արդեն էլեկտրոնային եղանակով է ներկայացնում, նշում է. «Բարեփոխումների արդյունքում, այսօր արդեն գրասենյակից ենք յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնում հաշվետվությունները: Այդպիսով, տնտեսում ենք ոչ միայն ժամանակ, այլև ավելի քիչ ենք շփվում հարկային մարմինների հետ »:

2011թ.հունվարի 1-ից ԱԱՀ վճարողների համար էլեկտրոնային եղանակով կամ հարկային մարմնից ձեռք բերված ձևերի լրացմամբ`հարկային հաշիվների դուրս գրման նոր կարգի վերաբերյալ ևս կոմիտեի նախագահի տեղակալները պարզաբանումներ են տվել: Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման քայլերից ակնկալվող արդյունքն ինքնագնահատման համակարգի վերջնական կայացումն է: Նպատակը, որ  հարկատուն կամավոր հաշվարկի և վճարի  իրական հարկերը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը