Լրահոս

18.04.2011 16:59


Միսրատ քաղաքի մարտերում զոհվածների թիվը հասել է 1000–ի

Միսրատ քաղաքի մարտերում զոհվածների թիվը հասել է 1000–ի

«Ֆրանս Պրես»–ը, հղում անելով Միսրատ քաղաքի քաղաքային հիվանդանոցի ղեկավարությանը, հաղորդում է, որ Լիբիայի արևմուտքում գտնվող Միսրատ քաղաքում, որը մի քանի շաբաթ է՝ ապստամբների ձեռքում է, լիբիական զորքերի ռմբակոծությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է մոտ հազարի, իսկ ամենաքիչը երեք հազար մարդ էլ վնասվածքներ է ստացել։

–Զոհվածների 80%–ը քաղաքացիական անձինք են,–հայտնել է հիվանդանոցի ղեկավար Խալեդ Աբու Ֆալկան։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն, նրա խոսքերով՝ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի զինված ուժերի ռմբակոծության հետևանքով կիրակի զոհվել է ամենաքիչը 17 մարդ, 74–ն էլ վիրավորվել է։

Ավելի վաղ Իտալիայի ԱԳՆ–ն հայտնում էր, որ Միսրատի մարտերում 15 օրվա ընթացքում զոհվել է 250 մարդ, այդ թվում՝ 20 երեխա։

Լիբիայում անկարգությունները շարունակվում են փետրվարի 15–ից։ Ընդդիմությունը պահանջում է երկիրը ավելի քան 40 տարի ղեկավարող նախագահ Մուամար Քադաֆիի հրաժարականը։ Բողոքողների ցույցերը հետագայում վերածվեցին զինված հակամարտության կառավարական զորքերի ու ապստամբների միջև։

Այս խորագրի վերջին նյութերը