Լրահոս

18.04.2011 16:42


Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ տարածքային զարգացման նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինին:

Հանրապետության ղեկավարը ողջունել է հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՌԴ տարածքային զարգացման նախարարին` նշելով, որ իր գործընկերոջ`ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ միասին մեծ նշանակություն են տալիս միջտարածաշրջանային համագործակցությանը:  Նախագահը կարևորել է համաժողովի  անցկացումը` հույս հայտնելով, որ նախարար Վիկտոր Բասարգինի այցը և համաժողովի անցկացումը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում լուրջ խթան կհանդիսանան: Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև կապերի ամրապնդման և համագործակցության ընդլայնման գործում Սերժ Սարգսյանը կարևորել է նաև ՌԴ-ի հայ համայնքի ներուժի լիարժեք օգտագործումը:

Նախարար Վիկտոր Բասարգինը ևս երկու երկրների ռազմավարական հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում կարևորելով տարածաշրջանների մակարդակով համագործակցության զարգացումը` նշել է, որ այդ ուղղությամբ ընթացող բանակցություններն ու ձեռք բերված պայմանավորվածություններն ասվածի լավագույն վկայությունն են:

Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև համագործակցության զարգացման գործում, նախարար Բասարգինի խոսքով, մեծ ներդրում ունի Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դուք վերջին շրջանում Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններ եք այցելել` մեր հեռանկարային մարզերը, որտեղ մենք տեսնում ենք տնտեսական և հումանիտար ոլորտների զարգացման մեծ ներուժ: Այսօր ՌԴ ավելի քան 70 սուբյեկտ անմիջականորեն կամ միջնորդավորված համագործակցում է Հայաստանի Հանրապետության հետ»,-ասել է   ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինը:

Այս խորագրի վերջին նյութերը