Լրահոս

18.04.2011 16:36


Միջազգային գիտաժողով՝ «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» թեմայով

2011թ. ապրիլի 20-21-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմակերպում է «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» թեմայով միջազգային գիտաժողով` նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-րդ ամյակին:

Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան պատմաբան-հետազոտողներ` Հայաստանից, Շվեդիայից, Դանիայից, Նորվեգիայից:

Հայոց ցեղասպանությունը միջազգային մեծ արձագանք ունեցավ` գրավելով նաև համաշխարհային մամուլի ու հանրության ուշադրությունը: Բացառություն չկազմեցին նաև սկանդինավյան երկրները: Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի կառավարությունները, հասարակական կազմակերպությունները և անհատ քաղաքացիները տարբեր կերպ արձագանքեցին Հայաստանում տեղի ունեցող կոտորածներին:

Սկանդինավյան միսիոներների ջանքերը, հիմնականում, ուղղված էին Օսմանյան կայսրության տարածքում կոտորածներից տուժած հայ բնակչությանն օգնելուն և նրանց շրջանում կրոնական քարոզչություն իրականացնելուն, որոնք, մեծամասամբ, իրականացվում էին դանիական, նորվեգական և շվեդական «Կանանց առաքելության աշխատողներ» (K.M.A.) կազմակերպության միջոցով:

20-րդ դարի սկզբներին նշանավոր սկանդինավցի կին-միսիոներներ՝ Մարիա Յակոբսենը, Ալմա Յոհանսոնը, Կարեն Եփփեն, Բոդիլ Կատարինե Բյորնը և ուրիշներ, ստանձնելով իրենց դժվարին առաքելությունը` անգնահատելի օգնություն ցուցաբերեցին բազմաթիվ կարիքավոր հայերի, փրկելով հազարավոր կյանքեր ու ճակատագրեր:

Մեծ Եղեռնի հետևանքների վերացմանն ուղղված նախաձեռնությունների շարքում մեծ էր նորվեգացի բևեռախույզ, գիտնական և դիվանագետ Ֆրիտյոֆ Նանսենի ջանքերը: Ֆ. Նանսենը հանդիսանալով Ազգերի լիգայի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը, արդյունավետ քայլեր ձեռնարկեց ցեղասպանությունից հետո անօթևան մնացած հայերին հայրենիք վերադարձնելու և քաղաքացիություն տալու գործում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից միջազգային այս գիտաժողովի անցկացումը նպատակ ունի վերականգնելու Սկանդինավիա-Հայաստան հարաբերությունների պատմության այս կարևոր, սակայն մոռացված ու անտեսված առանցքային դրվագները` քննարկելով դրանք ընդհանուր պատմության ու հիշողության համատեքստում:

Այս խորագրի վերջին նյութերը