Հարցազրույց

25.09.2020 11:06


Երկիր պահողը գյուղատնտեսությունն ու գյուղացին են, սակայն գործող իշխանությունը ամեն կերպ ոչնչացնում է դրանք․ Տիգրան Եղոյան (տեսանյութ)

Երկիր պահողը գյուղատնտեսությունն ու գյուղացին են, սակայն գործող իշխանությունը ամեն կերպ ոչնչացնում է դրանք․ Տիգրան Եղոյան (տեսանյութ)

Ես համաձայն չեմ «իշխանափոխություն» կամ էլ «հեղափոխություն» բառերի հետ։ Երկու տարի առաջ Արևմուտքը Հայաստանում Նիկոլ Փաշինյանի միջոցով հեղաշրջում իրականացրեց, այս մարդկանց բերելով իշխանության՝ մեր երկրի գլխին պատուհաս դարձնելով։ Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ֆերմեր Տիգրան Եղոյանը։

Ֆերմերի խոսքով՝ երկիր պահողը գյուղատնտեսությունն ու գյուղացին են, սակայն գործող իշխանությունն ամեն կերպ ոչնչացնում է դրանք․ «Երբ գյուղացին փորձեց խոսել, պարզ, հստակ հասկացրին՝ սսկվեք ու նստեք ձեր տեղը։ Իրենք ցույց տվեցին, որ իրենց նպատակն է գյուղատնտեսությունը քայքայելը»։

Տիգրան Եղոյանը պնդում է, որ ինքը դեռ ամիսներ առաջ է բարձրաձայնել, որ խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում տարածված է հիվանդություն, բայց ոչ միայն իրեն չլսեցին, այլև ամեն կերպ լռեցրին․ «Ես խոսել եմ ու շարունակելու եմ խոսել գյուղատնտեսության ոլորտում եղած խնդիրների մասին, բայց ենթարկվում եմ հետապնդումների, սակայն չեմ լռելու»։

Հաղորդման մյուս հյուրը՝ «Ագրարագյուղացիական» միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը կիսում է ֆերմերի մտահոգությունը անասնաբուժական հիվանդությունների հետ կապված․ «Շատ դեպքերում անասնաբուժական հիվանդությունները շատ ավելի վտանգավոր են, քան անգամ կորոնավիրուսը։ Տգետ են, դրա համար էլ չեն հասկանում իրական վտանգների մասին»։

Դիտարկմանը՝ ֆերմերներն ահազանգում են, որ իրենց բարձրացրած խնդիրների պատճառով մինչև անգամ հետապնդման են ենթարկվում, Հրաչ Բերբերյանը նշել է․ «Ֆերմերները մեր միավորման պաշտպանության ներքո են, բայց զգուշացնում եմ «ՔՊ»-ական մեր ընկերներին՝ ֆերմերին, գյուղացուն նեղացնելով այնպես չանեք, որ իրենք դուրս գան ձեր դեմ»։

Անդրադառնալով խաղողագործությանը՝ Հրաչ Բերբերյանն ասել է․ «Կա երկու մոտեցում, որոնցից ոչ մեկը չարեց այս կառավարությունը՝ մի կողմից կարող էին սուբսիդավորել գյուղացուն, մյուս կողմից էլ ֆինանսավորել գործարանները։ Բայց մենք տեսնում ենք, որ ոլորտում ստվերային տնտեսությունն է աշխատում»։

Ըստ Հրաչ Բերբերյանի՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի՝ գինու գործարաններում ստվերային տնտեսությունը որտեղ է։

Հարցին՝ չե՞ն հասկանում, որ չեն կարողանում ոլորտը վերահսկել, թե՞ գործարքների են գնում գործարարների հետ, Բերբերյանը պատասխանել է․ «Բազմիցս ասել եմ՝ կառավարությունում կա՛մ գրագետ մարդիկ չկան, կա՛մ էլ համակերպվել են այս իրողության հետ։ Երբ ֆերմերները այսպես բողոքում են, դա գալիս է նրանից, որ համակարգային փոփոխություններ գյուղատնտեսության ոլորտում չեղան»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը