Աշխարհ

24.09.2020 21:10


Թրամփի որդուն կհարցաքննեն խարդախության գործով

Թրամփի որդուն կհարցաքննեն խարդախության գործով

ԱՄՆ նախագահի որդի Էրիկ Թրամփը ցուցմունք է տալու հետաքննության շրջանակում, որը վերաբերում է Trump Organization-ի կողմից անշարժ գույքի օբեյեկտների արժեքը ոչ պատշաճ կերպով բարձրացնելուն։ Համապատասխան որոշում է ընդունել Նյու Յորքի դատարանի դատավորը։

Դեմոկրատական կուսակցությունից Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը, որը սկսել է հետաքննությունը, մայիսից խնդրել է հարցաքննել 36-ամյա Էրիկ Թրամփին, որը 2017 թվականի սկզբին հոր Սպիտակ տուն տեղափոխվելուց հետո դարձել է Trump Organization-ի ղեկավարը, փոխանցում է AFP-ն։

Չնայած Էրիկ Թրամփը հայտարարել էր հետաքննության հետ «համագործակցելու» պատրաստակամության մասին, վերջերս նրա փաստաբանները խնդրել են նիստը տեղափոխել մինչև նոյեմբերի 3-ի ընտրությունները՝ դա փաստարկելով այն հանգամանքով, որ նա չափազանց զբաղված է, քանի որ ակտիվորեն մասնակցում է հոր նախընտրական քարոզարշավին։

Գլխավոր դատախազն այս հարցումը բողոքարկել է նահանգի դատարանում՝ խնդրելով Էրիկ Թրամփին ստիպել ներկայացնելու ընկերության սեփականություն մի քանի օբյեկտների, ներառյալ Ուոլ-սթրիթում շենքի և Չիկագոյում Trump International Hotel հյուրանոցի փաստաթղթավորումը։

Դատավոր Արթուր Էնգորոնը որոշում է կայացրել գլխավոր դատախազի օգտին՝ երիտասարդ Թրամփի փաստարկները «անհամոզիչ» որակելով և նշելով, որ «այս դատարանը կաշկանդված չէ համազգային ընտրությունների անցկացման ժամկետներով»։

Հետաքննությունը Թրամփի և նրա որդու մասնակցությամբ մի քանի դատավարություններիրց մեկն է։

Գլխավոր դատախազը հետաքննությունը սկսել է 2019 թվականին այն բանից հետո, երբ նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոենը Կոնգրեսում ասել է, որ Թրամփը բարձրացրել կամ նվազեցրել է անշարժ գույքի որոշակի օբյեկտների արժեքը՝ դրամական վարկ կամ հարկերի նվազեցում ապահովելու համար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը