Լրահոս

18.04.2011 13:30


Քաղաքապետարանում որոշել են թոթափել Կենտրոնի խցանումները` մանկապարտեզ հաճախող երեխաներին դրսում թողնելով

Քաղաքապետարանում որոշել են թոթափել Կենտրոնի խցանումները` մանկապարտեզ հաճախող երեխաներին դրսում թողնելով

Չէին հասցրել ծնողները վայելել անվճար մանկապարտեզ ունենալու «հաճույքը», երբ պարզվեց, որ այսուհետև «ով վճարում է, նա էլ երաժշտությունն է պատվիրում», և Երևանի Կենտրոն համայնքի 20 մանկապարտեզներում այսուհետև դռները երեխաների առաջ փակ են լինելու 8:30: Այս, ի դեպ, բանավոր հրահանգը պարոն Կարապետյանն իջեցրել է` հաշվի առնելով առավոտյան խցանումները: Առնվազն տարօրինակ այս մոտեցումը մանկապարտեզահասակ երեխաների վրա հերթական «փորձն» է հենց քաղաքապետարանի ներկայացուցիչների բնորոշմամբ: Եվ բացարձակ տարօրինակ չէ այդ մանկապարտեզներ հաճախող ծնողների վրդովմունքը, չէ՞ որ կան երեխաներ, որ ուշ են քնում, բնականաբար ուշ էլ արթնանում: Կամ ամեն երեխա չէ, որ բավարար առողջություն ունի` ամեն առավոտ 6:30 արթնանալու և ամենաուշը 8:30 մանկապարտեզում հայտնվելու համար: Եվ նույնիսկ եթե հայտնվի, մենք` մեծահասակներս, եթե մի փոքր քիչ ենք քնում հաջորդ ամբողջ օրը կորցնում ենք, քանի որ վատ ինքնազգացղություն ենք ունենում: Հապա, ինչպե՞ս կլինի 2-6 տարեկան երեխաների վիճակը: Մի խոսքով, «հրաշալի» որոշում է երեխաների իրավունքների պաշտպանության տոնին ընդառաջ:

Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքող ծնողներին պատասխանող Հանրակրթության վարչության ներկայացուցիչ տիկին Աչոյանն իհարկե փաստել է, որ սա մեկամսյա փորձ է և երեխաներին կոփելու ձև: Սակայն թույլ տվեք համաձայնվել բողոքող ծնողների և չհամաձայնվել քաղաքապետարանի չինովնիկի հետ: Ո՞վ է ասել, որ նախադպրոցական տարիքի երեխան պետք է քաղաքապետարանի ներկայացուցչի բնորոշմամբ «կոփվի» այս կերպ` սպարտացուն և զինվորականին հատուկ մեթոդներով: Ո՞վ է ասել, որ խցանումներից մեր քաղաքի կենտրոնը թոթափելու լավագույն տարբերակը երեխաներին հերթական սթրեսին ենթարկելն է` շուտ արթնացնելով ու արագ-արագ տանից դուրս հանելով: Քաղաքապետարանում կամ երեխաներ չունեն, կամ էլ ունեն անձնական վարորդներ ու անձնական դայակներ, որոնք ցանկացած ժամի պատրաստ են սպասարկել իրենց վճարողներին:

Այսօրվա այս ԱՆՀԵԹԵԹ իրավիճակից տուժում է ոչ միայն երեխան, այլ ծնողը, որ չգիտի ինչպես և ուր թողնի երեխային` աշխատանքի գնալու համար, մանկապարտեզի տնօրենը, ով ըմբռնումով է մոտենում, քանի որ գործի գիտակ է ու երեխաների հետ աշխատանքային փորձ ունի, բայց հայտվել է քաղաքաետարան-թաղապետարան-ծնող եռանկյունու ամենասուր ու թեժ կետում, տուժում է հենց ինքը` քաղաքապետը, քանի որ նույնիսկ չի պատկերացնում, որ երեխաները փորձադաշտ չեն, և նման մոտեցումից հասարակական շարժումն ու դժգոհությունն անհամեմատ ավելի մեծ կլինի, քան որևէ այլ դեպքի կապակցությամբ:

Ինչ է նշանակում «Ես 80 % համոզված եմ, որ այս հրահանգը որոշում կդառնա» (քաղաքապետարանի Հանրակրթության վարչության ներկայացուցիչ տիկին Աչոյանի խոսքն է), որևէ մեկն այդ Կրթության վարչությունում ծնողին հարցրե՞լ է, թե ինչու է երեխային մանկապարտեզ բերում 9:30: Որևէ մեկը որևէ հոգեբանի հետ խոսե՞լ է, թե այս ժամային փոփոխությունն ինչպես կանդրադառնա մանկահասակ երեխաների վրա: Որևէ մեկը ուսումնասրություն անցկացրե՞լ է, գիտի՞, թե ինչպես են այս դեպքերում վարվում արտասահմանում: Թե՞ սա սեփական խնդիրները լուծելու հերթական տարբերակն է, ու ստացվում է, որ մենք բոլորս աշխատում ենք, մեր կյանքը դասավորում ենք այնպես, որ առավոտյան հանկարծ խցանումներ չլինեն, մեծերն անպայման շուտ և առանց սթրեսների հասնեն աշխատանքի, իսկ երեխաները… դե ոչինչ, ինչ որ մի կերպ կհամոզեք «դաստիարակել» երեխաների մոտ քնի և արթնանալու ռեժիմ:

Ռեժիմը չեն դաստիարակում, այն պարտադրում են, դրան վարժեցնում են, իսկ դաստիարակում են սերը գեղեցիկի նկատմամբ, ինչ անհնար է անել սթրեսային, ագրեսիվ, կիսաքուն երեխայի մոտ:

Եվ հետո, եթե սա քաղաքապետարանի փորձն է, ինչու այդ հաստատությունից որևէ տեսուչ, ներկայացուցիչ առավոտյան մանկապարտեզում չի եղել` հասկանալու համար փորձվողների ռեակցիան: Հա, երևի խցանումների պատճառով ուշացել էին աշխատանքից:

Հ.Գ. Կենտրոն համայքնում տեղակայված մանկապարտեզների սաների մի խումբ ծնողներ այսօր առավոտյան գնացել էին քաղաքապետարան` պարոն Կարապետյանի` մանկապարտեզներին առնչվող վերջին որոշման հետ համաձայն չլինելու կապակցությամբ: Համաձայն նրա հրահանգի` համայնքում այսուհետև մանկապարտեզները երեխաներին կընդունեն առավոտյան 8:30-ից ոչ ուշ, քանի որ դրանից հետո դռները կողպվելու են: Նշենք, որ համաձայն ծնողների և մանկապարտեզների միջև կնքած պայմանագրի` մանկապարտեզը պարտավորվում է երեխաներին ընդունել մինչև 9:30: Այս կապակցությամբ ծնողների հետ հանդիպման դուրս եկած քաղաքապետարանի Հանրակրթության վարչության ներկայացուցիչ տիկին Աչոյանը ասել է, թե «վերանայեք ձեր պայմանագրերը: Ես 80% համոզված եմ, որ այս հրահանգը որոշում է դառնալու»: Նա նաև ասել է, թե սա երեխաներին կոփելու ձև է, և դրա հիմնական նպատակն է առավոտյան խցանումներից թեթևացնել քաղաքի կենտրոնը: Բողոքող ծնողներից մեկի, որ հոգոբան է եղել, պնդմանը, թե «Դա սթրես է, ոչ թե կոփելու ձև», պատասխան է ստացվել, որ «Ես ձեր ասածները կընդունեմ` ի գիտություն, կփորձեմ լուծումներ տալ», բայց մեկ այլ ծնողի այն հարցին, թե երբ կլինի այդ լուծումը, պատասխան չի ստացվել:

Տարօրինակ ևս մեկ փաստ: Թեժ գծի աշխատակիցներն անպայմանորեն ուզում են ճշտել, թե հատկապես որ մանկապարտեզից են զանգահարում բարկացած ծնողները: Թերևս որոշելու համար «ազգի դավաճաններին» ու նրանց աշխատանքից հեռացնելու համար, քանի որ չեն կարողացել այդ «անհանդուրժող» ծնողներին լռեցնել և դաստիարակել:

«Եկեք պայմանավորվենք, դուք ձեր երեխաներին մանկապարտեզ կբերեք 8:30, իսկ մենք կսկենք մտածել ձեր խնդրին լուծումներ տալու մասին»,- պնդեց տիկին Աչոյանը, որին ի պատասխան ծնողները ասացին, որ կառաջնորդվեն իրենց և մանկապարտզի միջև կնքված պայմանագրի դրույթներով: Սա նշանակում է, որ երեխաներն ու նրանց ծնողները վաղը նույնպես կհայտնվեն կողպված դռներից այնկողմ: Էլի տուժեցին երեխաները…

Կենտրոն համայնքում տեղակայված մանկապարտեզների ծնողներ

Այս խորագրի վերջին նյութերը