Աշխարհ

22.09.2020 19:50


«Փարաջանովն ինձ «ստիպեց» ավելի շատ հետաքրքրվել Հայաստանի մշակույթով». Կարինա Հակոբյանը՝ Լեդի Գագայի «հայկական» տեսահոլովակում նրա համար ստեղծած կերպարների մասին (տեսանյութ, լուսանկար)

«Փարաջանովն ինձ «ստիպեց» ավելի շատ հետաքրքրվել Հայաստանի մշակույթով». Կարինա Հակոբյանը՝ Լեդի Գագայի «հայկական» տեսահոլովակում նրա համար ստեղծած կերպարների մասին (տեսանյութ, լուսանկար)

Մի քանի օր շարունակ հայ օգտատերերը համացանցում քննարկում են Լեդի Գագայի նոր՝ «911» տեսահոլովակը, որի ռեժիսոր Թարսեմ Սինխը ոգեշնչվել է անվանի հայ ռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից: Պակաս ոգևորիչ չէ այն փաստը, որ երգչուհու և տեսահոլովակի կերպարներից մի քանիսի շուրջ աշխատել է Լոնդոնում ստեղծագործող ազգությամբ հայ դիզայներ, նկարչուհի Կարինա Հակոբյանը. հենց նրա երևակայության արդյունքն են «Ծաղկե այլմոլորակայինը» և Գագայի կարմիր տոպը: (ի դեպ, տեսահոլովակի կերպարներից մյուսն էլ՝ Թագավորը, կրում է մեր մեկ այլ հայրենակցուհու՝ Մարիաննա Հարությունյանի պատրաստած ոսկե գլխազարդը):

NEWS.am STYLE-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Կարինայի հետ, որի ընթացքում պարզել ենք՝ ինչպես և որքան ժամանակում է պատրաստել Գագայի տեսահոլովակի լուքերը, ինչ ազդեցություն ունի իր արվեստի վրա Սերգեյ Փարաջանովը և որքանով են իրեն ոգեշնչում Հայաստանն ու հայկական մշակույթը:

Կարինա, շնորհավորում եմ Լեդի Գագայի հետ համագործակցության համար: Առաջին անգամ էիք աշխատում միասին, ի՞նչ զգացողություններ ունես:

Այս ամենն անհավանական է թվում: Այո, առաջին անգամ էինք միասին աշխատում, բայց հուսով եմ՝ ոչ վերջին:

Ինչպե՞ս ստացար նրա հետ համագործակցելու առաջարկը:

Ինձ նկատել են նրա ոճաբան Նիկոլա Ֆորմիչետիի թիմից: Երբ ինձ դիմեցին, ասացին, որ նրա տեսահոլովակի ոճը շատ նման է իմ դիզայներական ձեռագրին, դրա համար էլ ցանկանում էին, որ ես էլ աշխատեմ կերպարներից մի քանիսի շուրջ: Այդ ժամանակ ես դեռ չգիտեի, որ տեսահոլովակը ոգեշնչված է լինելու Փարաջանովի ֆիլմից:

Որքա՞ն ժամանակում պատրաստեցիր տեսահոլովակի կերպարները:

Քննարկումների փուլից մինչև վերջնական տեսքը մեկ ամիս պահանջեց: Ես, սովորաբար, երկար ժամանակ եմ մտորում գաղափարի շուրջ, մինչև ձեռնամուխ եմ լինում դրա իրականացմանը, այնպես որ՝ մի քանի ամիս ինքս իմ մեջ քննարկել եմ այդ գաղափարը մինչ աշխատանքի անցնելը:

Կոստյումները, փաստորեն, ավելի վա՞ղ էիր պատրաստել:

Ներկայացված կոստյումները պատրաստել էի դեռևս 2017-ին, և ինչպես իմ մյուս կոստյումները, դրանք առաջինը ցուցադրվել են իմ հեղինակային ֆոտոշարքերում: Որպես նկարիչ՝ ես իմ գործունեությունը սկսել եմ 10 տարի առաջ, իսկ ավելի ուշ իմ աշխատանքում ներառել եմ նաև կոստյումային տարրեր, երբ որոշեցի իմ նկարները կյանքի կոչել:

Իրականում ես դրանք չեմ համարում նորաձևության նմուշներ, դրանք արվեստի մասնիկ են. դրանք անհամարավետ են, սահմանափակումներով, այսինքն՝ չեք կարող այդ հագուստով նորմալ տեսնել, քայլել, և տեսահոլովակում ներկայացված նմուշները հենց այդպիսին են: Գագան էքստրեմալ լուքերի սիրահար է, այնպես որ՝ կարծում եմ՝ նրա համար դժվար չէր այդ կոստյումով տեղաշարժվելը: Իրականում ես ևս մի քանի կոստյում ունեի, որոնք կարող էին լինել այդ տեսահոլովակում, բայց հենց «Ծաղկե այլմոլորակայինն» էր, որն ամբողջացրեց այդ բոլոր կերպարները:

Կոստյումն ամբողջովին պատրաստված է կաշվից, որը զարդարված է ծախկանախշերով ու ներկանյութերով, իսկ գլխազարդը ոգեշնչված է ռուսական «կոկոշնիկ»-ից: Իմ այդ լուքը գեղեցիկի ու տգեղի, կանացիության ու ագրեսիայի, հնի ու մոդեռնի, պատմության ու հեքիաթի խաղ է: Ես ընտրել եմ սև կաշի, որպեսզի ստեղծեմ մի կերպար, որը այլմոլորակայինի տեսք ունի՝ երկար գլխով ու տարօրինակ կրունկներով: Դրանից հետո նրան անվանեցի «Ծաղկե այլմոլորակային»: Ես կասեի, որ այն, փոխաբերական իմաստով, ներկայացնում է մահը՝ որպես մարմին, որը վերարտադրվում է հողի մեջ, որի վրա ծաղկում են ծաղիկներ՝ որպես կյանքի նոր շրջանի սկիզբ:

Ի դեպ, կոստյումները, տեսահոլովակի հաջողություններից մեկն են. ի՞նչ մեկնաբանություններ ես ստանում դրանց վերաբերյալ:

Բոլոր արձագանքներն էլ շատ դրական են եղել: Ես շոյված էի այդքան լավ մեկնաբանություններից, իսկ նամակների մեծ մասը հայերն են գրում, ինչը շատ հաճելի է: Ես, առհասարակ, սովոր եմ ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական մեկնաբանություններին, քանի որ իմ աշխատանքները պրովոկացիոն են, բայց այս դեպքում միայն լավն են գրում:

Դիտելով քո մյուս աշխատանքները՝ նկատեցի, որ շատ դեպքերում գույներն ու դիզայնը ոգեշնչված են Փարաջանովից…

Փարաջանովի աշխատանքներին ծանոթացա, երբ դեռահաս էի և սովորում էի Անգլիայում: Նրա գործերն ինձ միանգամից հիացրին. նման ազդեցություն ավելի վաղ ինձ մոտ թողել էր Տարկովսկին, բայց Փարաջանովի գույներն ինձ ավելի մոտ էին, քանի որ ես շատ եմ սիրում կարմիրը, նռան գույնը, արյան գույնը… Սա հենց այն գույնն է, որը հաճախակի կտեսնեք իմ աշխատանքներում՝ թե´ նկարներում, թե´ կոստյումներում: Բացի այդ, արվեստի մեջ ինձ ավելի մոտ է սյուրռեալիզմը. ինչո՞ւ հետևել իրականությանը, եթե կարելի է ունենալ պարզորոշ երազներ: Փարաջանովի աշխատանքները խոսում են մարդկանց ենթագիտակցության հետ, և ես հույս ունեմ, որ իմ գործերը՝ նույնպես:

Իսկապես, քո ոճը տարբվերվում է նաև նրանով, որ ամեն մի նմուշ, ասես, իր պատմությունն ունի. ի՞նչը կամ ո՞վ է քեզ ոգեշնչում:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ես սկսեցի ուսումնասիրել ճապոնական էրոտիկ արվեստը: Ես շատ արտիստների անուններ կարող եմ թվարկել, որոնք ինձ ոգեշնչում են, բայց առաջնահերթ կնշեմ Հիորոնիմուս Բորսխին, Օբրի Բըրսլիին, Հենրի Ֆյուզելին, Ուիլյամ Բլեյքին, Ֆրիդա Կալոյին, Իվան Բիլիբինին, Տոշիո Սաեկիին, Ալեխանդրո Խոդորովսկուն, Մեթյու Բարնեյին և, իհարկե, Անդրեյ Տարկովսկուն ու Սերգեյ Փարաջանովին, որոնց մասին արդեն խոսել եմ: Ես ոգեշնչվում եմ ոչ միայն արվեստից, այլև, օրինակ, Լոնդոնի գիշերային կյանքից, հետաքրաիր կերպարներից, իմ հիշողություններից, մանկությունիցս, տարօրինակ մեմերից… ամեն ինչից:

Իսկ ո՞ւմ համար են, առհասարակ, ստեղծվում քո կոստյումները:

Կարծում եմ՝ դրանք հենց ինձ համար են ստեղծվում: Ես դրանք ներառում եմ իմ անհատական նախագծերում: Ծիծաղելի պատմություն կա կապված իմ՝ դիզայներ դառնալու հետ. ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես ցանկանում էի, որ իմ նկարները կենդանանային, իսկ հետո վերադառնային թղթին:

Ոչ մի նմուշ չունի կրկնօրինակ, ամեն ինչ ստեղծվում է եզակի օրինակով: Ես, սովորաբար, ոչ վաճառում եմ դրանք, ոչ էլ՝ գովազդում: Բայց դեմ չեմ լինի, եթե մի օր դրանք ցանկանան ձեռք բերել լավ հավաքորդները կամ թանգարանները, բայց, միանշանակ, չէի ցանկանա, որ դրանք կրեին մարդիկ՝ դե, իհարկե, բացի ինձանից (ծիծաղում է): Ամեն ինչ կախված է նախագծից: Իհարկե, ինձ համար խնդիր չի լինի ինչ-որ մեկի համար հագուստ կարելը, մանավանդ, որ «911» տեսահոլովակից հետո ինձ առաջարկել են ստեղծել բոլորովին տարբեր մի կերպար, պարզապես դեռ ժամանակ չեմ ունեցել դրա համար: Իմ ժամանակն օգտագործում եմ ստեղծագործելու և նոր գաղափարների շուրջ մտածելու վրա: Հուսով եմ՝ դրանք պետք կգան Լեդի Գագայի մյուս նախագծերի համար, նաև շատ կցանկանայի հնարավորության դեպքում աշխատել օպերաների, բալետի ու թատրոնի կերպարների շուրջ:

Կարինա, կպատմե՞ս նաև ընտանիքիդ մասին... Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք Լոնդոն:

Ծնողներս երկուսն էլ հայ են: Նրանք Սոչիից են, ես ծնվել եմ Մոսկվայում, և մինչև 15 տարեկանս այնտեղ եմ ապրել: Անգլիա մեկնել եմ սովորելու նպատատակով, և այս երկիրը դարձել է իմ տունը. այստեղ ես կարողանում եմ ինքնաարտահայտվել և զգալ ինքս ինձ:

Որո՞նք էին առաջին ստեղծագործական քայլերդ:

Որքան ինձ հիշում եմ, նկարում էի: Ես մեր տան միակ երեխան էի և շատ հանգիստ էի, նկարելն իմ ամենասիրելի զբաղմունքն էր: Ես չէի սիրում լինել շատ մարդկանց շրջապատում, ինձ դուր էր գալիս միայնակ լինելը: Եթե չեմ սխալվում, 12 տարեկան էի, երբ լրջորեն որոշեցի, որ ուզում եմ զբաղվել արվեստով: Դժվարանում եմ հիշել, թե երբ սկսեցի գնալ դեպի նորաձևությունըբ, որովհետև իրականում երբեք կոնկրետ նորաձևությամբ հետաքրքրված չեմ եղել, ինձ ավելի շատ շոուներն են դուր եկել, հատկապես՝ Ջոն Գալիանոյինն ու Ալեքսանդր ՄքՔուինինը: Ինձ հետաքրքրում էին ֆիլմերը, արվեստն ու պատկերազարդումները: Այս նախասիրությունների միջից ընտրություն կատարելը դժվար էր, բայց հետո հասկացա, որ պետք էլ չէ ընտրել կոնկրետ մի բան, եթե կարող ես միանգամից ամեն ինչով զբաղվել:

Հայկական մշակույթն ի՞նչ ազդեցություն ունի քո աշխատանքներում:

Մանկությանս շրջանում ավելի հակված էի դեպի ռուսական մշակույթը, բայց մյուս կողմից՝ Խորհրդային Միության երկրները շատ ընդհանրություններ ունեին: Հետո ուսումնասիրեցի հայկական ազգային հագուստը և դրանց մեջ գտա հետաքրքիր դետալներ, որոնք կարող եմ օգտագործել իմ հետագա նախագծերում: Փարաջանովի գործերն ինձ ստիպեցին ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի մշակույթի հանդեպ: Իմ նկարներից մեկը, որը կոչվում է «Արարատ», ներկայացնում է խաչի ֆոնին մի կնոջ, որն իր ոճով նման է Գագայի տեսահոլովակի հերոսուհուն:

Իսկ Հայաստանում երբևէ եղե՞լ ես:

Ցավոք՝ ոչ: Հիմա, իհարկե, լավ շրջան չէ ճամփորդելու համար, բայց հենց ամեն ինչ փոքր-ինչ կարգավորվի, անպայման կայցելեմ: Ի դեպ, 2018 թ-ին իմ «Ծաղկե այլմոլորակայինը», որին արդեն գիտեք Լեդի Գագայի տեսահոլովակից, ցուցադրվել է Երևանում՝ ցուցահանդեսներից մեկի ժամանակ: Իրականում կցանկանայի ավելի շատ ցուցադրությունների մասնակցել, անգամ իմ անհատական ցուցադրությունն ունենալ Հայաստանում, որտեղ ներառված կլինեն տարբեր աշխատանքներ՝ նկարներ, լուսանկարներ, կոստյումներ... Եթե նման հնարավորություն ընձեռվի, դա ինձ համար պատիվ կլինի:

Այս խորագրի վերջին նյութերը